Քնարական երգեր, ավանդական երաժշտական բանահյուսության բաժին, որի գործերում առավել անմիջականորեն և հստակորեն են դրսևորվում երաժշտական հերոսի զգացմունքները, հուզական վերաբերմունքն իրականության նկատմամբ։

Լայն առումով՝ քնարական երգերն ընդգրկում են մարդկանց սոցիալական կացության բոլոր երևույթների անդրադարձները, նաև կյանքի փիլիսոփայական ընկալման խոհերն ու բնության պատկերումները։ Քնարականությունը դրսևորված է նաև մի շարք թեմատիկ երգախմբերում, որոնք սովորաբար դիտարկում են առանձին՝ ըստ կենցաղային գործառության (պանդխտության, օրորոցային երգեր, հորովելներ և այլն)։

Նեղ առումով՝ քնարական երգեր անվանում են միայն սիրո թեմայով երգերը, որոնք ամենամեծ խումբն են։

Հայկական ժողովրդական երաժշտության մեջ քնարականությունը զարգացման բարձր մակարդակի է հասել միջնադարում։ Հայկական քնարական երգերին բնորոշ է արտահայտման զսպվածությու­նը, որը գրական տեքստերում դրսևորվում է մտքի խտացմամբ, հերոսի հուզաշխարհի և բնության պատկերների զուգահեռներով կամ հակադրություններով և այլն, մեղեդիներում՝ «զուսպ» արտահայտչամիջոցներով։ Կոմիտասի գրառած «Գարուն ա, ձուն ա արել», «Կուժն առա, ելա սարը» խորապես հուզական երգերում մարմնավորված են ընդամենը 4-ական տարբեր հնչյուններ՝ ամենապարզ ռիթմերի միջոցով։

Փոքրածավալ քնարական երգերը Կոմիտասը երբեմն անվանել է «խաղեր»։ Կան նաև ծավալուն երգեր և մի քանի երգերից կազմված ամբողջություններ («Հով արեք», «Ծիրանի ծառ», «Ալագյազ աչերդ», «Յոթն օր, յոթ գիշեր» և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։