Քավոր, պսակադրության և մկրտության ծեսերում սովորութային իրավունքով ավանդաբար ընտրվող պատվավոր անձ, նորապսակների ու մկրտվողի «հոգևոր» հայրը։ Հարսանեկան ծիսակատարությունների ընթացքում քավորին վերապահվում է նորապսակներին «չար ուժերից պահպանելու» դեր։ Հայոց մեջ ընդունված սովորության համաձայն, քավոր լինում էր տոհմական․ նրան փոխելը համարվել է անպատվաբեր։ Սանիկների ընտանիքում նա համարվել է խորագույն հարգանքի արժանի անձ, ուրախությունների ու տխրությունների պարտադիր մասնակիցը։ Ընտանեկան շատ հարցերում որոշում կայացնելու համար հաճախ խորհրդակցել են քավորի հետ և առաջնորդվել նրա խորհուրդներով։ Հարսանիքի ու մկրտության ժամանակ քավոր դառնում է խնջույքների ղեկավարը։ Նորահարսը և նրա գերդաստանի մյուս կանայք հնում պարտավոր էին ցմահ պահպանել քավորի հետ չխոսելու սովորությունը։ Ենթադրվում է, որ քավորը արտացոլում է տոհմի նահապետի երբեմնի սովորութային իրավունքները, որոնց քրիստոնեության ընդունումից հետո տրվեց զուտ ծիսական բնույթ։ Մեր օրերում քավորի հետ կապված մի շարք ծիսակատարություններ վերացել են, մյուսները կրում են ձևական բնույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։