Քաջարի զինվոր Շվեյկի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Քաջարի զինվոր Շվեյկի հուշարձան (ռուս.՝ Памятник бравому солдату Швейку), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը տեղադրված է Բալկանյան հրապարակում և նվիրված է չեխ գրող Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպի գլխավոր հերոս, երգիծական կերպար զինվոր Շվեյկին։

Քաջարի զինվոր Շվեյկի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Քանդակի ստեղծման նախաձեռնողները տեղական իշխանությունների ներկայացուցիչներն էին. քաղաքի 300-ամյակը համընկել էր չեխ անվանի գրող Յարոսլավ Հաշեկի հոբելյանին, որն իր երգիծական ստեղծագործությունում նկարագրել էր ձախորդ զինվորի արկածները[1]։

Շվեյկի բրոնզե հուշարձանը կերտել է քանդակագործ Ալբերտ Չարկինը` Դմիտրի Պախոմովի համահեղինակությամբ, Մ. Գ. Մանիզերի անվան գեղարվեստական ձուլման «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում (Ռաստաննի նրբանցք, 1)։ Ճարտարապետն է Ա. Պոլեշչուկը[1]։

Որպես հիմք վերցված է գրական հերոսի իրական հասակը` 160 սմ, իսկ տակառի տեսքով պատրաստված պատվանդանի բարձրությունը 80 սմ է։ Հեղինակների գաղափարը լիովին արտացոլում է հերոսի էությունը. հուշարձանը պատկերում է խիզախ զինվորին ծաղրական կերպարով, որը համապատասխանում է նրա անհոգ և ուրախ կենսակերպին. Շվեյկն աջ ձեռքով պատիվ է տալիս, իսկ ձախով թիկունքում թաքցնում է գարեջրի գավաթը։ Քանդակի ստեղծողները կարողացել են լիարժեք կերպով փոխանցել գրական հերոսի կերպարը, որը հեղինակը ցանկացել է հաղորդել իր ընթերցողներին[1]։

Հուշարձանը տեղադրվել է Բալկանյան հրապարակում, որից սկիզբ է առնում Յարոսլավ Հաշեկի փողոցը, մետրոյի «Կուպչինո» կայարանի հյուսիսային մուտքից 40 մետր հեռավորության վրա։ Բացումը տեղի է ունեցել 2003 թվականի ապրիլի 11-ին։ Բացման արարողությանը մասնակցել է գրողի թոռը` Ռիխարդ Հաշեկը, որը զբաղվում է պապի գրական ժառանգության ուսումնասիրությամբ։ Սակայն ո՛չ Յարոսլավ Հաշեկը, ո՛չ էլ նրա հերոս Շվեյկը երբեք չեն եղել Սանկտ Պետերբուրգում[1]։

Հետագայում առևտրային համալիրի կառուցման պատճառով այն տեղափոխվել է մետրոյի կայարանի հյուսիսային մուտքին ավելի մոտ և տեղադրվել փոքր պատվանդանի վրա, ինչը հուշարձանը դարձրել է ավելի կոմպակտ և արտահայտիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник бравому солдату Швейку». Վերցված է 2019 Փետրվար 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել