Փորագրազարդ կնիք, Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներից, որը թվագրվում է մ․թ․ա․ 7-րդ դարով, գտնվել է Կարմիր բլուրի պեղումներից։

Փորագրազարդ կնիք
Հայաստանի պատմության թանգարան
ստեղծման վայրԿարմիր բլուր

Նկարագրություն

խմբագրել

Գլանաձև ուրարտական կնիք է` վերին մասում կախելու ունկով։ Պատկերները փորագրված են կողային մակերեսին և հիմքի հարթության վրա։ Այսպիսի կնիքներով դաջվածքը կատարվում էր գլորման եղանակով և դրոշմումով։ Կողային մակերեսի հորինվածքը ներկայացնում է ծիսական որսի տեսարան։ Կենտրոնում պատկերված է կենաց ծառ, որի մի կողմում կանգնած է թևավոր անտրոպոմորֆ մի էակ` հմայական աղոթքի դիրքով ձեռքերը վեր մեկնած։ Կենաց ծառի մյուս կողմում` ավելի փոքր ծառի վրա, կանգնած է թևավոր մի այծ՝ երկար, կեռ եղջյուրներով։ Այծի ետևից սրընթաց արշավող կենդանու վրա, ձեռքին լարած աղեղով կանգնած է մի նետաձիգ։ Հագել է մինչև ոտնաթաթերը իջնող երկար զգեստ, գլխին կրում է կոնաձև գլխարկ։ Կնիքի շրջանաձև հիմքի հարթության վրա արևի թևավոր սկավառակն է, որի տակ պատկերված են նետասլաք, եռաժանի և մեկ այլ զենք։ Կնիքի վրայի պատկերագրության թեման պաշտամունքային է։ Ուրարտական կնիքներն օգտագործվել են որպես ամուլետներ և հաճախ հայտնաբերվել են ուլունքաշարերով շքեղ կրծքազարդերի կազմում, երբեմն նաև արծաթե մեդալիոնների հետ, հաճախ ննջեցյալներին ուղեկցող իրերի հետ իջեցվել են դամբարան[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՈՒրարտու։ Վանի թագավորություն։ Գտածոներ Հայաստանի ուրարտական հնավայրերից. Երևան: Հայաստանի պատմության թանգարան. 2018. էջ 115.