Փոխակերպման տրամաբանություն

Փոխակերպման տրամաբանություն, տրամաբանական գիտություն, որը մշակում է ուսմունք (կանոնների համակարգ) մտքի բացահայտ ձևերի (կառուցվածքների) հիման վրա համապատասխան ոչ–բացահայտ ձևեր (կառուցվածքներ) հայտնաբերելու մասին։ Այդ խնդիրը կարևոր է ինչպես բուն տրամաբանական գիտության, լեզվի տրամաբանական տեսության զարգացման, այնպես էլ գիտության ստույգ լեզվի մշակման, հարակից մի շարք գիտությունների հրատապ հարցերի լուծման համար։ Մտքի բացահայտ ձևը մտքի այն ձևն է, որն անմիջականորեն արտահայտված է լեզվական տվյալ միավորով, առանց որևէ փոխակերպման, իսկ ոչ–բացահայտն անմիջականորեն արտահայտված չէ դիտարկվող լեզվական միավորով, բայց հնարավոր է այն բացահայտել (բխեցնել) մտքի տվյալ բացահայտ ձևն արտահայտող լեզվական միավորից, առաջին հերթին, համապատասխան ենթատեքստերի և համատեքստերի միջոցով։

Մտքի ենթատեքստային և համատեքստային ձևերը խմբագրել

Համապատասխանաբար տարբերակվում են մտքի ենթատեքստային և համատեքստային ձևերը։ Մտքի ենթատեքստային ձևը բխեցվում է մտքի բացահայտ ձևն արտահայտող լեզվական միավորից՝ հետազոտողի մեկնաբանման միջոցով, իսկ մտքի համատեքստային ձևը հայտնաբերվում է համապատասխան բացահայտ ձևի լեցվական միջավայրի օգնությամբ։

Մտքի ձևերի փոխակերպական վերլուծության շնորհիվ հաջողվել է հաղթահարել ձևական տրամաբանության պատմության մեջ հայտնի մի շարք դժվարություններ․ դրական և ժխտական հասկացությունների փոխհարաբերության էության, հասկացության բաժանման որոշ տարատեսակների օրինականության, դատողության բացահայտ ձևերի և գոյության դատողության փոխհարաբերության, ժխտական դատողության և ժխտված պրեդիկատ ունեցող դատողության փոխհարաբերության, դատողության քանակի որոշման չափանիշի, դատողությունում տերմինների բաշխվածության, տրամաբանական շաղկապների լեզվական արտահայտչամիջոցների, առանձնացնող դատողությունների բացահայտ և ոչ–բացահայտ ձևերի, հարցական նախադասության և դատողության փոխհարաբերության, անմիջական մտահանգումների տեսության, հարաբերության մտահանգման բնույթի, սիլլոգիզմի տեսության հարցերը և այլն։ Փոխակերպման տրամաբանության հեղինակն է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Գևորգ Աբելի Բրուտյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։