Տնտեսության թվայնացում (ռուս.՝ цифровизация экономики, անգլ.՝ digitalisation of economy), տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների համատարած կիրառության և վերջիններիս հենքի վրա ստեղծված նոր սերնդի լուծումների ազդեցությամբ տնտեսությունում տեղի ունեցող հիմնարար փոփոխություններ, որոնց արդյունքում փոխվում են բիզնեսի վարման մոտեցումները, նոր արժեքի ստեղծման շղթայի մասնակիցների հարաբերությունները և տնտեսվարման ընդհանուր տրամաբանությունը։

Հանդիպում են «տնտեսության թվայնացում» հասկացության նեղ և լայն իմաստներով կիրառություններ։ Նեղ իմաստով թվայնացումը տեղեկատվության փոխակերպումն է թվային ձևի, ինչը հաճախ հանգեցնում է ծախսերի նվազեցմանը, նոր հնարավորությունների ի հայտ գալուն և այլն։ Լայն իմաստով թվայնացման գործընթացի ներքո սովորաբար դիտարկվում է սոցիալ-տնտեսական տրանսֆորմացիան՝ «նախաձեռնվող» թվային տեխնոլոգիաների զանգվածային ներդրմամբ և ընդունմամբ[1]։ Թվայնացումը լայն իմաստով կարող է դիտարկվել իբրև համաշխարհային զարգացման արդյունավետ միտում, եթե միայն տեղեկատվության թվային տրանսֆորմացիան բավարարում է հետևյալ պայմաններին.

  • ընդգրկում է արտադրությունը, բիզնեսը, գիտությունը, սոցիալական ոլորտը, կյանքի տարբեր ոլորտներ և ուղեկցվում է իր արդյունքների միայն արդյունավետ օգտագործմամբ,
  • այդ արդյունքները հասանելի են փոխակերպված տեղեկատվությունն օգտագործողներին, որոնց շարքում ոչ միայն մասնագետներ են, այլ նաև շարքային քաղաքացիներ,
  • թվային տեղեկատվության օգտագործողներն ունեն վերջինիս հետ աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ[2]։

Տնտեսության թվայնացումը թվային տնտեսության հիմքն է, համաշխարհային զարգացման այն գլխավոր ժամանակակից միտումը, որը որոշում է տնտեսության և հասարակության զարգացումը։ Թվայնացումը հիմնված է տեղեկատվության՝ թվային ձևաչափով ներկայացմանն անցման վրա, որն ուղղված է տնտեսության արդյունավետության բարձրացմանը և կյանքի որակի բարելավմանը։ Թվային տեխնոլոգիաները դարձնում են անձանց կյանքն առավել պարզ և հարմարավետ, բարձրացնում ընկերությունների աշխատունակությունը, ստեղծում ֆինանսական շղթաներ[3]։ Հիմնարար կերպով փոխելով տնտեսությունը՝ թվայնացումը խթանում է ձեռնարկատիրական նորարարությունը, արտադրողականությունը և տնտեսական աճը, փոփոխություններ ծնում աշխատուժի շուկայում։ Թվայնացման առաջմղումն անհրաժեշտ է տնտեսության կայուն աճի համար։ Այն նպաստում է տնտեսության բոլոր բիզնես-գործընթացների և փոխկապված սոցիալական ոլորտների հաջորդական բարելավմանը, և այդ բարելավումը հիմնված է տեղեկատվության փոխանակման արագության, հասանելիության և պաշտպանվածության մեծացման, ինչպես նաև ավտոմատացման՝ իբրև թվայնացման բազայի դերի ավելացման վրա։

Գրականություն

խմբագրել
  • Гончаренко Л., Сыбачин С., Цифровизация национальной экономики, Вестник университета, 2019, №8, стр. 33
  • Циренщиков В.,  Цифровизация экономики Европы, Современная Европа, 2019, №3, стр. 106
  • Халин В., Чернова Г., Цифровизация и ее влияние на российскую экономику и общество: преимущества, вызовы, угрозы и риски, Управленческое консультирование, 2018, №10, стр. 47, 49-50

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Циренщиков В.,  Цифровизация экономики Европы, Современная Европа, 2019, №3, стр. 106
  2. Халин В., Чернова Г., Цифровизация и ее влияние на российскую экономику и общество: преимущества, вызовы, угрозы и риски, Управленческое консультирование, 2018, №10, стр. 47
  3. Гончаренко Л., Сыбачин С., Цифровизация национальной экономики, Вестник университета, 2019, №8, стр. 33