Տերևային մոզաիկա, լույսի ճառագայթներին ուղղահայաց հարթության վրա տերևների այնպիսի դասավորություն, որն ապահովում է տերևների նվազագույն ստվերումը միմյանց։ Այդ երևույթն առաջինը նկարագրել է Ա․ Բեկետովը, իսկ տերմինն առաջարկել է գերմանացի բուսաբան Ա․ Կերները։

Իտտաբույսերի (բաղեղ, ծտապաշար սովորական և այլն) տերևային մոզաիկա առաջանում է մեծ տերևների միջև մնացած տարածություններում մանրերի դասավորությամբ, որի շնորհիվ բոլոր տերևները համաչափ լուսավորվում են։ Տերևային մոզաիկա է նաև վարդակի առաջացումը (խատուտիկ, ռուդբեկիա)։ Տերևային մոզաիկա նկատվում է նաև թփերի, ծառատեսակների (ամերիկական վայրի խաղող, թխկի և այլն) մոտ։ Տերևային մոզաիկան դեպի լույսը ձգտող տերևակոթունների և տերևաթիթեղների անհավասարաչափ աճման հետևանք է, որի հետ կապված հաճախ փոփոխվում են տերևների մեծությունը, նույնիսկ ձևը։

Տերևային մոզաիկան կարևոր հարմարվողական հատկություն է լույսի ճառագայթների առավելագույն օգտագործման համար և կարող է առաջանալ տերևների դասավորության ցանկացած ձևի (գալարաձև, հակադիր, փնջաձև) դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 669 CC-BY-SA-icon-80x15.png