Տեղական պարարտանյութեր, անմիջապես տնտեսությունում ստացվող կամ տեղական հումքերից արտադրվող պարարտանյութերի մեծ մասը՝ գոմաղբը, գոմաղբահեղուկը, զանազան կոմպոստները, թռչնաղբը, մոխիրը, տորֆը, ճահճային և լճային տիղմը։ Տեղական պարարտանյութեր են նաև թթու հողերի կրացման համար տեղում արտադրվող կրաքարերի զանազան հանքատեսակները (կրաքար, մերգել, կրաքարային տուֆ են)։ Տեղական պարարտանյութերում պարունակվող օրգանական նյութերը բարելավում են հողի ֆիզիկական և քիմիական հատկությունները, բարձրացնում խոնավունակությունը և կլանունակությունը (հատկապես թեթե մեխանիկական կազմ ունեցող հողերում)։

Տեղական պարարտանյութեր
Տեղական պարարտանյութեր

Դրանք նպաստում են հողի թթվության չեզոքացմանը, բույսերին մատակարարում անհրաժեշտ սննդատարրեր։ Օրգանական տեղական պարարտանյութեր ակտիվացնում են հողի մեջ տեղի ունեցող մանրէաբանական պրոցեսները։ Տեղական պարարտանյութերի (հատկապես գոմաղբի) արդյունավետ օգտագործումը հանքայինի հետ ապահովում է հավելյալ բարձր բերք։ Տեղական պարարտանյութեր մեծ տեսակարար կշիռ են զբաղեցնում գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերի ընդհանուր հաշվեկշռում։

Շատ տեղական պարարտանյութերում սննդատարրերի հարաբերությունը չի համապատասխանում գյուղատնտեսության բույսերի մեծ մասի պահանջին, այսպես՝ գոմաղբահեղուկը առավելապես ազոտակալիումական պարարտանյութ է, վառարանային մոխիրը՝ ֆոսֆորակալիումական (ազոտ չկա), տորֆը աղքատ է կալիումով։ Դրա համար էլ յուրաքանչյուր պարարտանյութ օգտագործելիս հաշվի են առնում հողի վիճակը, առանձին բույսերի պահանջը և համապատասխան հանքային պարարտանյութերի միջոցով բարելավում են սննդատարրերի փոխհարաբերությունը՝ բույսերի սննդառությունը կանոնավորելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 647