Տեխնիկական վերլուծություն (քիմիա)
Տեխնիկական վերլուծություն, արտադրվող և արտադրության համար օգտագործվող հումքի, կիսաֆաբրիկատների և պատրաստի արտադրանքի քիմիական բաղադրությունը որոշելու եղանակների ամբողջություն։ Ներառնում է վերլուծական քիմիայի բոլոր հիմնական՝ ֆիզիկական, ֆիզիկաքիմիական և քիմիական եղանակները։ Վերլուծության տեսակը, եղանակը, օգտագործվող սարքերն ու ռեակտիվները սահմանվում են պետական ստանդարտով (ԴՕՍՏ), տեխնիկական պայմաններով (ՏՈԻ) և պարտադիր են մատակարարող ու սպառող կազմակերպությունների համար։ Տեխնիկական վերլուծության միջոցով է իրականացվում նաև արտադրական թափոնների՝ ծխագազերի, խարամի, փոշու, կեղտաջրերի և այլնի բաղադրության վերահսկումը։ Տեխնիկական վերլուծության եղանակները դասակարգվում են ըստ նշանակության, պիտակավորման եղանակները կիրառվում են տվյալ մակնիշի համար նախատեսված քիմիական բաղադրությունը վավերացնելու, արագացված («էքսպրես») եղանակները՝ տեխնոլոգիական պրոցեսի առանձին փուլերում ստացվող նյութերի որակը արտադրության ընթացքում վերահսկելու և ստուգողական (արբիտրաժային) եղանակները՝ մատակարարող ու սպառող կողմերի միջև ծագած վեճերը լուծելու նպատակով։ Տեխնիկական վերլուծության համար լայնորեն օգտագործվում են ստանդարտ նմուշները, որոնք բավարար ճշտությամբ հայտնի և պաշտոնապես վավերացված բաղադրություն ունեցող նյութեր են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 639)։ |