Տարածքային լեզվաբանություն

Տարածքային լեզվաբանություն, լեզվաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է լեզուները, բարբառները, լեզվական երևույթները դրանց տարածքային բաշխման տեսանկյունից։

Տարածքային լեզվաբանության ակունքները հանգում են Ցո․ Շմիդտի «Ալիքների տեսությանը», որն ըստ արժանվույն գնահատվել է միայն XX դ․ սկզբներին, երբ լեզվաբանական աշխարհագրության բնագավառում, հատկապես ռոմանական լեզուների վերաբերյալ կուտակված նյութը հաստատում է Շմիդտի առաջ քաշած սկզբունքները։

Հնդեվրոպական լեզվաբանության մեջ այդ ուղղությամբ առաջին ուսումնասիրությունը Ա․ Մեյեի «Հնդեվրոպական բարբառներ» (1908) աշխատությունն է, որտեղ հեղինակը առաջադրել է մի շարք տեսական դրույթներ․ Մեյեն հնդեվրոպաբանության մեջ առաջին անգամ օգտագործել է լեզվաբանական աշխարհագրությունից վերցրած զուգաբանություն հասկացությունը, ճշգրտել դրա բովանդակությունը, լեզուների կամ բարբառների մերձավորության չափը որոշելու համար կարևորել դրանց ընդհանուր ծագում ունեցող նորաբանությունների բացահայտումը, որն այնուհետև դարձավ Տարածքային լեզվաբանության կարևորագույն սկզբունքներից մեկը։

Լեզուների տարածքային ուսումնասիրության հարցերով զբաղվել են հատկապես իտալացի նեոլինգվիստներ Մ․ Բարտոլին, Բ․ Տերաչինին, Զ․ Բոնֆանտեն, Զ․ Դևոտոն և ուրիշներ։ Առաջին անգամ սրանց մոտ է օգտագործվել «տարածական լեզվաբանություն» («linguistica spazia1е») տերմինը, որն այնուհետև փոխարինվել է «տարածքային լեզվաբանություն» («linguistica areale») տերմինով։

Ըստ տարածքային լեզվաբանության դպրոցի ներկայացուցիչների՝ լեզվի պատմության զարգացման ընթացքը ուսումնասիրել՝ նշանակում է որոշել․

  • լեզվական երևույթների ժամանակագրական հաջորդականությունը,
  • նրանց ճառագայթման կենտրոնները,
  • նորաբանությունների առաջացման պատճառները։

Այս տեսանկյունից կարևոր է համարվում կենտրոնական և եզրային (նաև այլ տիպի) տարածքների որոշումը, քանի որ կենտրոնական տարածքը հաճախ աչքի է ընկնում նորաբանություններով, իսկ եզրայինը՝ հնաբանություններով։ Սա հնարավորություն է տալիս որոշելու լեզվական երևույթների հարաբերական ժամանակագրությունը և տարածման ուղղությունը։ Լեզուների՝ ավելի ուշ շրջանում ձեռք բերած ընդհանրությունները բացատրելու համար նեոլինգվիստները հենվում են Ն․ Ս․ Տրուբեցկոյի առաջ քաշած «լեզվամիության» գաղափարի վրա։ Այսպիսով, լեզուների զարգացումը՝ միմյանցից հեռանալը կամ միմյանց մոտենալը, կարելի է պատկերացնել ոչ միայն անընդհատ ճեղքման, բաժանման (տարամետ զարգացում), այլ նաև միմյանց փոխազդելու, մերձենալու (զուգամետ զարգացում) միջոցով։

Տարածքային լեզավաբանության համար կարևոր է նաև լեզվի ենթաշերտի հարցը, քանի որ հաճախ հենց ենթաշերտն է տվյալ լեզվում առաջացնում այնպիսի փոփոխություններ, որոնք այդ լեզուն տարբերում են ինչպես իր նախկին վիճակից, այնպես էլ ցեղակից մյուս լեզուներից։ Ուշագրավ է, որ տարածքային լեզվաբանության մեթոդներով և սկզբունքներով ուսումնասիրված (Դ․ Սոլտայի կողմից) առաջին կոնկրետ լեզուն հայերենն է եղել։

Գրականություն խմբագրել

  • Գ. Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, հ. 1, Երևան, 1960։
  • Maкаев Э․, Проблемы индоевропейской ареальной лингвистики, М․— Л․,1964։
  • Schmidt J․, Die Verwandtschaftsverhaltnisse der indogermanischen Sprachen, Weimar, 1872։ *Bartoli М․, Introduzione alia neolinguistica, Geneva, 1925։
  • Bartoli М․, Saggi di linguistica spaziale, Torino, 1945։
  • Solta G․, Die Stellung des Armenischen im Kreise der indogermanischen Sprachen, Wien, 1960։