Տանձենի Թախտաջյանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Տանձենի
Տեսակ Տանձենի Թախտաջյանի
Լատիներեն անվանում
Pyrus takhtadzhianii
Fed

Տանձենի Թախտաջյանի (լատին․՝ Pyrus takhtadzhianii), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Փոքր, տերևաթափ ծառ է՝ 5-7 մ բարձրությամբ և 10-30 սմ բնի տրամագծով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ճյուղերը փշերից զուրկ են, կամ երբեմն՝ փշապատ։ Տերևները ձվաձև են, շեղանկյունաձև կամ էլիպսաձև, 4-5 սմ երկարությամբ, 1-3 սմ լայնությամբ, բութ կամ սուր գագաթով, սեպաձև հիմքով, անհավասար սղոցաեզր, մանր աղեղնաեզր կամ գրեթե ամբողջաեզր, ներքևի կողմից տերևի եզրերը հիմնականում ջղերի ուղղությամբ, ծածկված են մոխրաթաղիքանման աղվամազով։ Տերևը միանգամից միանում է կոթունին, որը տերևաթիթեղից զգալիորեն կարճ է, նույնպես ծածկված մոխրաթաղիքանման աղվամազով։ Պտուղները բավականին խոշոր են և, հատկապես, հաստացած պտղի տակ, որից բուլավայի տեսք ունեն, երկարությամբ պտղին հավասար կամ Նրանից մի փոքր երկար։ Ծաղկում է ապրիլ-մայիս, պտղաբերում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Չորադիմացկուն և լուսասեր ծառատեսակ է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Բավականին ցրտադիմացկուն է. առանց վնասվելու կարող է դիմանալ մինչև —32 °C սառնամանիքներին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հայաստանում՝ Արարատի շրջանում (Խոսրովի անտառ, Միլլի գետի հովիտ, Ալիմարդան)։ Մեր հանրապետության սահմաններից դուրս հանդիպում է միայն կենտրոնական և Հարավային Կովկասում, միջին լեռնային գոտում, լուսավոր անտառների դերիվատներում, չոր լանջերի վրա։

Կիրառություն խմբագրել

Մասնագետները գտնում են, որ այս ծառատեսակը մեր հեռավոր նախնիներն օգտագործել են որպես արժեքավոր պտղատու բույս։ Հետագայում կորցրել է իր նշանակությունը, երբ հանդես են եկել կուլտուրական տանձենու արժեքավոր սորտերը։ Էկոլոգիական խումբը XI: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 244։