Վոլվոքսայիններ
Վոլվոքսայիններ (Volvocophyceae), կանաչ ջրիմուռների դաս։ Միաբջիջ կամ գաղութային, վեգետատիվ վիճակում շարժուն, սովորաբար կանաչ, երբեմն կարմիր կամ անգույն օրգանիզմներ են։ Միակորիզ են, պատյանավոր կամ մերկ, ունեն գավաթաձև, պիրենոիդով քրոմատոֆոր, սովորաբար 2 բաբախող վակուոլ, կարմիր աչք և 2 (հազվադեպ՝ 4—8) մտրակիկ։ Անգույն ձևերը քրոմատոֆոր չունեն կամ այն ներկայացված է անգույն ստրոմի (լեյկոպլաստի) ձևով։ Միաբջիջ, պատյան չունեցող վոլվոքսայինները բազմանում են երկայնակի կիսվելով, պատյանավորները՝ զոոսպորներով, գաղութային ձևերը՝ մայրական գաղութի ներսում բջիջների հաջորդական բաժանմամբ։ Սեռական բազմացումը կատարվում է վեգետատիվ բջիջների կամ գամետների կոպուլյացիայի միջոցով։ Հիմնականում պլանկտոնային ձևեր են և կեր են ծառայում ձկների համար։ Զանգվածային բազմացման հետևանքով երբեմն առաջացնում են «ջրի ծաղկում», որից խմելու ջուրը դառնում է ոչ պիտանի և վնասակար ձկնատնտեսության համար։ Նախկին ԽՍՀՄ-ում հայտնի էր վոլվոքսայինների 52 ցեղ, 250 տեսակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 491)։ |