Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Հին Երևանի կառավարում

Երևանը վարչական կենտրոն է դարձել դեռևս 15-րդ դարում, Հայաստանը նվաճած թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Ջհանշահի օրոք: Վերջինս Արարատյան աշխարհի մեծ մասն ընդգրկում է մեկ վարչական միավորի մեջ՝ կենտրոն դարձնելով Երևանը:

17-19-րդ դարերում՝ պատմական բավական երկար մի ժամանակաշրջան, Երևանը պարսիկ նվաճողների ձեռքին էր, որոնք քաղաքը դարձրել էին համանուն խանության վարչական կենտրոնը՝ Երևանի բերդում կենտրոնացնելով խանական ապարատն ու զորքը: Քաղաքը կառավարում էր խանի կողմից նշանակված ոստիկանապետը՝ առաջնորդվելով այնպիսի օրենքներով, որոնք ապահովում էին կատարյալ ենթակայություն խանի ինքնակամ որոշումներին: Սակայն իրենց տիրապետությունն ամուր պահելու համար նրանք հայկական թաղերի ավագներ էին նշանակում նշանավոր տոհմերի ներկայացուցիչներին՝ մելիքներին, քանի որ ստիպված էին ընդունել նրանց հեղինակությունը և քաղաքի հայ բնակչության վրա ունեցած ազդեցությունը (օրինակ՝ Մելիք –Աղամալյաններին, որոնց քաղաքի բնակիչները մեծարել են որպես արդարամիտ և մեծահոգի առաջնորդների)[1]:

Պարսկական լուծը թոթափելուց և մեր քաղաքը ազատագրելուց հետո (1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները ազատագրեցին Երևանը), հաստատվում է ռուսական իշխանություն: Մինչև 1826-1828 թթ. ռուս- պարսկական պատերազմի ավարտը գեներալ Ի. Պասկևիչի հրամանով Երևանում ստեղծվում է Ժամանակավոր վարչություն՝ հետևյալ կազմով. նախագահ՝ գեներալ-լեյտենանտ Կրասովսկի, անդամներ՝ փոխգնդապետ Բորոդին և Ն. Աշտարակեցի: Հայկական մարզի ստեղծումից հետո (1828թ. մարտի 21) փաստացի ղեկավարությունը գտնվում էր դատական և ոստիկանական համակարգերի ազգությամբ ռուս կառավարիչների ձեռքին: Դրանց կողքին պահպանվեց նաև թաղերի ավագների ինստիտուտը: Հետագա տարիներին, ինչպես ողջ ռուսական կայսրությունում, այնպես էլ նրա կազմի մեջ մտնող Անդրկովկասում կատարվում են բարեփոխություններ, որոնք աստիճանաբար ընդգրկում են նաև քաղաքները: 1870թ. հունիսի 16-ին Ալեքսանդր 2-ը հաստատում է քաղաքային բարեփոխությունների կանոնադրությունը, որը ներքին ինքնավարություն էր տալիս քաղաքներին: 1874թ. հոկտեմբերի 28-ի հրամանագրով այն տարածվում է նաև Անդրկովկասի քաղաքների վրա: Վերոհիշյալ կանոնադրությունը Երևանում կիրառելու համար կազմվում է հատուկ հանձնաժողով, որը նախապատրաստում է համապատասխան կառույցների՝ քաղաքային ընտրական ժողովների, քաղաքային դումայի և վարչության ընտրությունները: Ընտրական ժողովները գումարվելու էին չորս տարին մեկ անգամ՝ Քաղաքային դումա (думать-մտածել բառից) ընտրելու նպատակով: Դրանց կարող էին մասնակցել 25 տարեկանից բարձր այն քաղաքացիները, ովքեր ունեին որոշակի գույք, ռուսահպատակ էին և հարկ էին տալիս քաղաքին: Քաղաքային դուման օրենսդիր մարմին էր, նրա անդամները կոչվում էին ձայնավորներ, որոնց թիվը հասնում էր առավելագույնը՝ 72-ի: Քաղաքային դուման էլ իր հերթին փակ քվեարկությամբ ընտրում էր քաղաքային վարչություն: Վերջինս գործադիր մարմին էր՝ կազմված նախագահից, երկու անդամներից և քարտուղարից: Վարչության նախագահը քաղաքագլուխն էր, ում ընտրությունը հաստատվում էր Երևանի նահանգապետի կողմից: Քաղաքային վերոհիշյալ մարմինների առաջին ընտրությունները տեղի ունեցան 1879թ. աշնանը: Հոկտեմբերի 1-ին բացվեց առաջին դուման՝ 66 ձայնավորներով: Քաղաքագլուխ ընտրվեց թեմական դպրոցի ուսուցիչ՝ Հովհաննես Ղորղանյանը: Երևանի կառավարման այս համակարգը, մասնակի փոփոխություններով գործեց մինչև 1917թ.: Առաջին հանրապետության հաստատումից հետո (1918թ. մայիսի 28) Երևանը շուրջ երկու ամիս կառավարում էր Ազգային խորհուրդը՝Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի հիման վրա Երևանում ընտրվեցին ինքնավարությունների օրենսդիր և գործադիր մարմիններ՝ երկու տարի ժամկետով: Օրենսդիր մարմինը խորհուրդն էր, որն էլ իր հերթին ձևավորում էր գործադիր մարմին՝ վարչություն, կազմված նախագահից և անդամներից: Վարչության նախագահը կոչվում էր քաղաքագլուխ: Նա պարտավոր էր պարբերաբար հաշվետվություն ներկայացնել քաղաքային խորհրդին՝ իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ: Հայաստանի խորհրդայնացումից հետո Երևանը կառավարում էր ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը, որը ձևավորվում էր ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրությամբ, երկու տարի ժամկետով: Այս շրջանում ընտրություններին ներգրավվեցին նաև կանայք և դառնալով պատգամավորներ՝ սկսեցին ակտիվորեն մասնակցել քաղաքի կառավարման գործին[1]:

Քաղխորհուրդի 15 պատգամավորներից կազմվում էր գործադիր կոմիտե՝ նախագահի գլխավորությամբ, որն էլ իրականացնում էր քաղաքի անմիջական ղեկավարությունը: Այս սկզբունքով էր տեղի ունենում նաև Երևանի վարչական շրջանների կառավարումը: Հայաստանի անկախացումից և երրորդ հանրապետության հաստատումից հետո՝ մինչև 1996թ. Երևանի ղեկավարները շարունակում էին կոչվել քաղաքային խորհրդի նախագահներ: 1996թ. փետրվարին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը ընդունելուց հետո, ՀՀ նախագահի հրամանագրով Երևանում նշանակվում է քաղաքապետ: Այսօր մեր սիրելի քաղաքը դարձյալ ղեկավարում է քաղաքապետը, որն արդեն ոչ թե նշանակվում, այլ ընտրվում է մեր համաքաղաքացիների կողմից: 2008թ. դեկտեմբերի 26-ին ընդունված «Երևան քաղաքում տեղական կառավարման մասին» ՀՀ օրենքով Երևանը ստացավ համայնքի կարգավիճակ, իսկ նրա 12 համայնքները դարձան վարչական շրջաններ: Այդ օրենքի համաձայն 2009թ. մայիսի 31-ին Երևանում տեղի ունեցան ավագանու (օրենսդիր մարմին) և քաղաքապետի (գործադիր իշխանություն) առաջին ընտրությունները: Երևանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվեց նաև քաղաքապետի երդման արարողություն. խորհրդանիշ-լանջաշղթան կրելով քաղաքապետը ընթերցեց երդման տեքստը: Հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով այդ գեղեցիկ լանջաշղթան, որը պատրաստվել է Երևանի ոսկերչական գործարանում և երդման տեքստն այնուհետև հանձնվեցին Երևան քաղաքի պատմության թանգարանին, որտեղ նրանք իրենց տեղը գտան հիմնական ցուցադության մեջ՝ թանգարանից դուրս բերվելով միայն քաղաքապետի երդման արարողության և Էրեբունի-Երևան տոնակատարության առիթներով:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գ. Բաղդասարյան, «Երևան», Երևան, 2009թ.