Վիպական երգեր վիպական բանահյուսության չափածո երգային ստեղծագործություններ են՝ հորինված առասպելական, կրոն, և պատմական անձանց ու իրադարձությունների շուրջը։

Հնագույնը առասպելաբանական վիպերգեր խմբագրել

Հնագույնը առասպելաբանական վիպերգերն են՝ նվիրված աստվածների, դյուցազունների ծննդի ու արարքների նկարագրությանը, հիմնված առասպելական հավատալիքների ու պատկերացումների վրա(«Վահագնի երգը»)։ Համեմատաբար ուշ շրջանի արգասիք են կրոնական վիպերգերը («Նարեկացի», «Կարոս խաչ»)։ Դրանց մի մասը (ծննդյան ավետիսներ) ունի ծիսական բնույթ, կատարվում է Քրիստոսի ծննդյան կամ Նոր տարվա տոնական արարողություններին։

Ամենատարածվածը պատմական վիպերգերն են․ հորինված են իրական դեպքերի և պատմական անձանց անունների շուրջը, ունեն հակիրճ սյուժե։ Մեզ ամբողջությամբ հասած ամենավաղ պատմական վիպերգը «Լեոնի երգն է»՝ հորինված 13-րդ դարի Կիլիկիայի Հեթում Ա թագավորի որդու գերման առիթով։

Դասական պատմական վիպերգեր խմբագրել

Դասական պատմական վիպերգի նմուշ է «Մոկաց Միրզան»։ Համեմատաբար շատ են պահպանվել 19–20-րդ դարերի ռուս–պարսկական և ռուս–թուրքական պատերազմների հայազգի հերոսների (Ռոստոմ Բեկ, Լոռիս–Մելիքով, Տեր-Ղուկասով, Հասանղալայի ճակատամարտ)և հայ ազատագրական կռիվների հերոսների (Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաուշ, Անդրանիկ և այլն) վերաբերյալ երգերը՝ պատմա–հերոսական և պատմաողբերգական բովանդակությամբ։ Կան նաև բազմաթիվ տեղային պատմակենցաղային վիպերգեր («Դուլաբեցի Արշակի երգը»)։ Այս հիմնական խմբերից բացի, կան նաև ընդհանուր բնույթի ծավալուն վիպերգեր, որոնց մեջ հարակցվել ու միաձուլվել են կրոնա–առասպելաբանական, պատմական ու կենցաղային մոտիվներ, սյուժեներ, կերպարներ («Ասլան աղա», «Մեռավ էն, ինչ շատ մալ ուներ»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։