Վերիֆիկացման սկզբունք, վերիֆիկացնելիության սկզբունք (անգլերեն verify-իսկությունը հաստատել վկայությամբ, փորձով են), ստուգելիության սկզբունք, տրամաբանական պոզիտիվիզմի փիլիսոփայության մեջ՝ ասույթների իմաստավորության չափանիշ, որով առանձնացվում է փաստական (փորձառական) ասույթների դասը։ Ըստ Վերիֆիկացման սկզբունքի, ասույթը փաստական բովանդակություն ունի, եթե միայն հնարավոր է կոնտեքստուալ սահմանման միջոցով այնպես վերաձևակերպել այն, որ ի հայտ գա նրա կապը փորձնական-դիտողական տվյալների հետ, կամ, այլ կերպ, այդ ասույթը պարունակող տեսության ներքին միջոցներով բխեցնել փորձին ու դիտումներին վերաբերող («արձանագրա¬ յին») ասույթներ։ Միայն այդ դեպքում է ասույթն իմաստավոր, այսինքն՝ պարունակում է պնդում իրերի փաստական վիճակի, հատկությունների ու հարաբերությունների մասին և կարող է լինել ճըշմարիտ կամ կեղծ, կամ էլ հիպոթեզ, որը կարող է հաստատվել կամ հերքվել։ (Իմաստավոր ասույթների մյուս դասը կազմում են մաթեմատիկայի և տրամաբանության ասույթները, դրանք վերլուծական են, որոշվում են լեզվատրամաբանական՝ շարահյուսական, միջոցներով)։ Վերիֆիկացման սկզբունք բացառում է, իբրև իմաստազուրկ, ավանդական փիլիլիսոփայության վերացական մետաֆիզիկական հարցադրումները։ Ավելին՝ այդ չափանիշին չեն բավարարում, ուրեմն իմաստազուրկ են դառնում, նաև տեսական բնագիտության ընդհանուր դրույթները։ Վերիֆիկացման սկզբունք արտահայտում է տրամաբանական պոզիտիվիզմի նեղ էմպիրիզմը։ Մինչդեռ գիտությունների տեսությունն իսկապես պետք է առնչվի փորձի և դիտումների հետ, բայց դա չի կարող լինել հանգեցման կամ բխեցման այն միանշանակ հարաբերությունը, որը պահանջվում է Վերիֆիկացման սկզբունքով։ Տրամաբանական պոզիտիվիզմի փիլիսոփայության մեջ հետագայում ի հակադրություն Վերիֆիկացման սկզբունքի առաջադրվել է ֆաչսիֆիկացման սկզբունքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 407