Վարչական պատասխանատվություն

Վարչական պատասխանատվությունը, վարչական իրավախախտումների համար քաղաքացու կամ պաշտոնատար անձի պատասխանատվությունն է պետության (հանձինս նրա մարմինների) առջև։ Վարչական պատասխանատվության դեպքում սովորաբար բացակայում է ծառայական ենթակայությունը վարչական իրավախախտում (զանցանք) թույլ տված անձի և հարկադրանք (վարչական տույժ) կիրառող վարչական մարմնի միջև։ Պաշտոնատար անձինք վարչական պատասխանատվության են կրում կառավարման, պետական և հասարակական կարգի, բնության, բնակչության, առողջության պահպանման ոլորտում իրենց պաշտոնեական պարտականությունների մեջ մտնող կանոնների խախտման համար։ Վարչական պատասխանատվության տեսակ կարող են լինել նախազգուշացումը, տուգանքը, իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ ծառայած առարկայի առգրավումը (հատուցմամբ), դրա բռնագրավումը, հատուկ իրավունքներից (օրինակ, տրանսպորտային միջոց վարելու իրսսիսնքից) զրկումը, ուղղիչ աշխատանքները, վարչական կալանքը։

Վարչական մեկ իրավախախտման համար կարող է նշանակվել մեկ հիմնական կամ մեկ հիմնական և մեկ լրացուցիչ տույժ։ Անձի թույլ տված մեկից ավելի իրավախախտման համար տույժ է նշանակվում ըստ իրավախախտման դեպքերի և ի կատար է ածվում առանձին։

Վարչական պատասխանատվություն նախատեսող ակտեր ընդունելու իրավունքը վերապահված է պետական իշխանության և պետական կառավարման մարմիններին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 346