Վարդան (մանրանկարիչ)

մանրանկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան (այլ կիրառումներ)

Վարդան (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 13-րդ դարի հայ մանրանկարիչ։ 1251 թվականին Հռոմկլայում պատկերազարդել է Սարգիս գրչի ընդօրինակած ավետարանը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր համար 3033)։ Ձեռագիրը գրված է մագաղաթի վրա (բոլորգիր), ունի 411 թերթ (21X15)։ Վարդանը ձեռագրում պատկերել է 11 խորան, չորս ավետարանիչների պատկերներ՝ համապատասխան անվանաթերթերով, և բազմաթիվ լուսանցազարդեր։

Արվեստը խմբագրել

Ավետարանի սկզբում Եվսեբիոսի նամակի զույգ խորաններն են, գլխազարդերի կամարների տակ՝ Եվսեբիոսի և Կարպիանոսի դիմապատկերները։ Վերջին երկու խորաններում ոսկի խորքի վրա կապույտ ներկով գրված է Վարդանի ուղերձ հիշատակարանը «Վարդան արա յիշման արժանի» վերջաբանով։ Ընդհանուր առմամբ խորաններն ունեն գունավառ և հստակ դեկորատիվ հարդարանք։ Ավետարանիչների պատկերները նկարված են կանոնական ձևերով և նմանություն ունեն Հռոմկլայում 1249 թվականին Կիրակոս ծաղկողի նկարազարդած ձեռագրի մանրանկարների հետ։ Անվանաթերթերի հարդարանքում ևս նկարիչը հավատարիմ է կիլիկյան մանրանկարչության ավանդներին։ Վարդանի արվեստին բնորոշ են զարդաձևերի կուռ մշակումը, հորինվածքի միասնականությունը, գունաշարի բազմերանգությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 310