Վահանագեղձի բորբոքում, թիրեոիդիտ, վահանագեղձի բորբոքային հիվանդություն։ Պատճառներն են ոչ առանձնահատուկ (վիրուսային, ստրեպտոստաֆիլակոկային) կամ առանձնահատուկ (տուբերկուլոզ, սիֆիլիս և այլն) վարակիչ հիվանդությունները, թունավորումները (կապարով, ածխածնի օքսիդով) և աուտոիմուն հիվանդությունները։ Ըստ ընթացքի վահանագեղձի․ բորբոքումը լինում է սուր, ենթասուր և քրոնիկական։ Հիմնական ախտանշաններն են ցավերը՝ կուլ տալիս և գլուխը ետ շարժելիս, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, պարանոցի չափերի մեծացումը, տեղային (ռեգիոնար) ավշային հանգույցների ցավոտությունը։ Բուժումը․ հակաբորբոքային և ցավազրկող դեղամիջոցներ, անտիբիոտիկներ, կորտիկոստերոիդներ, թիրեոիդին, վիտամիններ։ Թարախային բորբոքման դեպքում՝ վիրաբուժական մեթոդների կիրառում։