Սևագիր:Բաքվի նահանգ հարություն xix դարի երկրորդ կեսին

Բաքվի գավառը գտնվում էր համանուն նահանգի արևելյան մասում` Կասպից ծովի արևմտյան ափին` շուրջ 60 կմ երկարությամբ ծովի մեջ խորացած Ապչերոնյան թերակղզում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Ղուրայի, հարավից փոքր ելուստով` Ջավաթի և արևմուտքից` Շամախիի գավառներին: Իր տարածությամբ Բաքվի գավառը (3.457,1 քառ. կմ)1 զիջում էր նահանգի մյուս գավառներին։ Գավառի կազմի մեջ էին մտնում նաև Կասպից ծովի ափամերձ, բնական և արհեստական կղզիները, որոնց ընդհանուր մակերեսը կազմում էր 34,8 քառ. կմ2:

Թերակղզում գտնվող նավթի գլխավոր աղբյուրները վաղնջական ժամանակներից հռչակված էին իրենց անշեջ կրակներով։ Հայերն այստեղ բնակություն են հաստատել առնվազն վաղ միջնադարից, բայց պահպանված պատմական հուշարձանները վերաբերում են միայն XII-XV դդ. 3։

Այսպես՝ Բաքու քաղաքից ‎30կմ հեռավորության վրա Ապշերոնյա թերակղզու հյուսիսային եզրին գտնվող 4 երբեմնի հայկական Բուզովնա գյուղում բնակվող հայերի և նրանց սրբատեղիների մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում  1842 թ. օգոստոսին այդտեղ այցելած Ի. Բերեզինը5։ Նա հիշատակում է Սբ. Հովհաննեսի և Անդրեասի դամբարանը և ոչ մեծ մատուռ` դրա կողքին: Ի. Բերեզինի վկայությամբ` մատուռի մուտքին նշմարվել են հայերեն տառերով արձանագրության մնացորդներ 6։ Ըստ Բերեզենի` Բուզովնայի հայերն այստեղ են կատարել իրենց պաշտամունքային ծեսը։

Բուզովնա գյուղի շրջակայքում եղել են նաև Սբ. Մինասի, Սբ. Սիմոնի և Սբ. Հովհաննես ճգնավորների նահատակման վայրերում շինված մատուռները: Գյուղից պահպանվել են նաև տապանաքարերի և խաչքարերի բեկորներ` Չ.(700), Պ.(800) և Ջ.(900) թվականների արձանագրություններով, եկեղեցական շինությունների ավերակներ։

Բուզովնա գյուղում գտնվել են նաև հայերեն գրով հին դրամներ: 1902թ. գտնված ոսկեդրամի մի երեսին եղել են հայերեն արձանագրություններ, իսկ մյուս երեսի վրա խաչ: Եր. Տեր-Հովհաննիսյանցը գրում է. «...եթէ ի նկատի ունենանք տեղական հին յիշատակարանները և արձանագրութիւնները, պէտք է ենթադրել, որ Բուզովնան եղել է մի հին հայաշատ կենտրոն, որն ունեցել է իւր սեփական սրբատեղիները, իւր քահանաները և իւր առանձին գերեզմանատունը1 ։Գյուղը գոյատևել է մինչև 1500-ական թթ. սկիզբը։

Ի. Բերեզինը նշում էր, որ Բաքվի շրջակայքում նախկինում շատ գյուղեր բնակեցված են եղել հայերով, սակայն իրանական տիրապետության հայահալած քաղաքականության հետևանքով հայերը լքել էին իրենց բնակավայրերը և կենտրոնացել Բաքվում:

Ապշերոնյան թերակղզում հայաբնակ գյուղեր էին նաև Բալախանը, Սաբունչին, Մաշթաղան, Շաղանը և Մարդաքյանդը 2։ Ըստ Ղ. Ալիշանի` Ապշերոնյան թերակղզին 1850-ական թվականների սկզբներին ուներ մոտ 40 գյուղ՝ ներառյալ Բաքու քաղաքը՝ 32000 ազգաբնակչությամբ, որից հայեր` 600 մարդ3։

1886 թ. ընտանեկան տվյալների համաձայն` Բաքվի գավառը բաժանված էր 41 գյուղական համայնքների միջև և ուներ 46 գյուղ 4։ Թեև գավառում XIX դարի կեսերին զուտ հայկական գյուղեր չեն եղել, սակայն բնակվել են ոչ քիչ թվով հայեր։

ԲԱՔՈՒ ՔԱՂԱՔ

խմբագրել

Բաքվի գավառի կենտրոնն էր Ապշերոնյան թերակղզու հարավում V դարից ի վեր հիշատակվող Բաքու քաղաքը։

Ավանդության համաձայն, Բաքվում նախկինում եղել է կրակի և ծովի աստվածների հեթանոսական մեհյան 1։ Եղիշա առաքյալը, Աղվանից աշխարհ գալով կործանել է այն և նրա տեղը կանգնեցրել Քրիստոսի խաչը` Մեսրոպ Մաշտոցն այդտեղ Սբ. Աստվածածնի անվամբ մատուռ է հիմնել, իսկ Վաչագան Բարեպաշտ թագավորը 500 թվականին մատուռի տեղում կառուցել է եկեղեցի 1։

Հայկական եկեղեցու գոյությունն իսկ կարելի է զորեղ ապացույց համարել վաղ միջնադարում Բաքվում ստվար հայ բնակչությամբ կազմակերպված համայնք լինելու մասին:

Բաքու քաղաքը առաջացել է բերդավանից: Սկզբնապես գլխավոր թաղամասը կոչվել է Բերդի թաղ։ Բերդի առջև փռված պարսպապատ ավանը հետագայում վերաճել է գյուղաքաղաքի, ապա քաղաքի, իսկ բերդն աստիճանաբար վերածվել է ներքին բերդի կամ միջնաբերդի:

Բաքվում հայերն առանձնապես հաճախակի են հիշատակվում XVIII դարի 20-ական թվականներից։ Բաքու և Սալյան քաղաքներում բնակվող ազգաբնակչության վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է հաղորդում XIX դարի երկրորդ տասնամյակի թուրք պատմագիր Ջևդեթ փաշան (Ահմեդ Ջևդեթ, մահ. 1894թ.) իր «Թարիխի Ջևդեթ» աշխատության Գ հատորում։ Ըստ պատմագրի` «Սալյան և Բաքու քաղաքներում ապրում են 10 հազար տուն շիաներ (մեծամասնությունը իրանցիներ էին - Գ.Ս.) և 10 հազար տուն հայեր» 1։ Եթե յուրաքանչյուր ընտանիքում միջին հաշվով 4 -5 շունչ հաշվվի, ստացվում է, որ Բաքուն և Սալյանն այդ ժամանակ ունեին ավելի քան 40000 հայ բնակիչ։

Բաքու քաղաքի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում երկրամասում XVIII դարի 80-90-ական թվականներին ռուսական զինվորական ծառայության մեջ գտնվող սպաները:

Կովկասում ռուսական զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-պորուչիկ Ս.Պոտյոմկինի հանձնակատար Ա. Ախվերդովի տվյալներով` Բաքուն 1783 թ. ունեցել է 500 տուն՝ 1500 բնակչով 2։ Այդ տարիներին քաղաքի հայ ընտանիքների մեծամասնությունը դեռևս ապրում էր Սբ. Աստվածածին եկեղեցու շրջակայքում ` հին քաղաքի կենտրոնական մասում` բերդաթաղում։

838 թ. մայիսի 16-ին հայ բնակչության շրջանում անցկացված ընտանեկան ցուցակագրության համաձայն` հայերը բերդաթաղում և արվարձանում արդեն ունեին 69 տուն` 434 բնակչով (211ար., 223 իգ.)3 ։

Ցուցակագրության մեջ ներառված էր նաև Բաքվի հայերի՝ տվյալ ժամանակահատվածի սոցիալ-դասային կազմի վերաբերյալ տեղեկություններ։ Համայնքի սոցիալական կազմը պարզունակ էր։ Այն բաղկացած էր հիմնականում արտոնյալ, հարկատու և չքավոր դասերից։

Աստիճանաբար զարգացող Բաքվում Ի. Բերեզինի տվյալներով 1842 թ. օգոստոսի դրությամբ կար 1050 քարաշեն տուն, որից հայապատկան էին 200-ը1 ։ Ազգաբնակչության թիվը բերդաթաղում 4803 էր (2442 ար. 2361 իգ), իսկ արվարձանում՝ 1192 (638 ար. 554 իգ.) 2։

Որպես նավահանգստային քաղաք՝ Բաքուն շարունակում էր ապրանքափոխանակության և առևտրական լայն հարաբերությունների մեջ գտնվել Իրանի, Անդրկասպյան երկրի, Դաղստանի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ 3: Միայն 1851-1860 թթ. ընթացքում Բաքվի նավահանգիստ տարեկան մուտք է գործել 207 նավ4։

1850-ական թվականների սկզբներին քաղաքն արդեն ուներ 8000 բնակիչ 5: Բաքվի առաջընթացի համար վճռական նշանակություն ունեցան Ապշերոնյան թերակղզում հայտնաբերված նավթի պաշարները, որոնց արդյունահանման և արտահանման շնորհիվ քաղաքն սկսեց զարգանալ։

Տարածաշրջանի բազմաբնույթ զարգացմանը խթանում էր նաև արդյունաբերական, բնակելի և հասարակական շենքերի լայնածավալ շինարարությունը, որի շնորհիվ քաղաքը ընդարձակվեց և բազմամարդ դարձավ։

1859 թ. վերջերին նահանգային կենտրոնը Բաքու տեղափոխելը մեծ նշանակություն ունեցավ քաղաքի հետագա բազմակողմանի զարգացման համար: Դառնալով նահանգային քաղաք Բաքուն արագությամբ սկսեց ընդարձակվել ու բարգավաճել։ Արագ տեմպերով զարգացում ապրեցին քաղաքաշինությունը և քաղաքային կյանքն ընդհանրապես։ Ընդհանուր առմամբ, 1863 թ. քաղաքն ուներ 2264 տուն` 12191 բնակչով (6690 ար., 5501 իգ.) 6։ Քաղաքն այդ տարիներին ուներ 46 փողոց, 2 կամուրջ և 1 այգի7։

Բաքվում հայ բնակչության ստվարացման հետ մեկտեղ Սբ. Աստվածածին եկեղեցուց բացի, անհրաժեշտություն առաջացավ քաղաքի տարբեր հատվածներում նոր եկեղեցիների կառուցումը: Երկրորդ եկեղեցին կառուցվում է Շամախու հայոց թեմի առաջնորդ Դանիել վրդ. Շահնազարյանցի նախաձեռնությամբ: Նորակառույց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1869 թ. մայիսի 4-ին Սբ. Գրիգոր Լուսավորչի անվամբ 1։

Բաքու քաղաքի հայ բնակչության ավելացմանը նպաստեց Շամախիում 1872 թ. հունվարի 16-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժը, որի հետևանքով փրկվածների մի մասը թողեց ավերված քաղաքը և գաղթեց Բաքու։

Հայ բնակչության թիվը Բաքվում առանձնապես մեծ չափով աճեց XIX դարի 70-80-ական թվականներին և XX դարի սահմանագլխին։ Եթե հարյուրամյակներ շարունակ հայերի համար Բաքուն մի հարմար վաճառանոց կամ նավահանգիստ էր, ապա XIX դարի կեսերից հայերը Բաքվում նաև արդյունաբերողներ էին, գործարանատերեր, հանքատերեր և այլն։

Կովկասի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 1870 թ. քաղաքն ուներ 15604 (8950 ար., 6654 իգ.) 2բնակիչ։

Բաքու գաղթողների մեջ մեծ թիվ էր կազմում հատկապես գյուղացիությունը։ Դա հիմնականում կապված էր XIX դ. 70-ական թվականներին գյուղում դրամատիրական հարաբերությունների զարգացման հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետ։ Բաքուն, Թիֆլիսը, Բաթումը և Կովկասի արդյունաբերական այլ օջախներ, որոնք բանվորական ուժի մեծ կարիք ունեին, դեպի իրենց էին ձգում քայքայված գյուղացիական զանգվածներին։

Արևելյան Հայաստանի գյուղերում արտագնացությունը պայմանվորված էր նաև բնակչության աճի հետևանքով առաջացած սակավահողությամբ։ Բաքու էր մեկնում հիմնականում Շամախիի, Նուխիի, Գանձակի, Ագուլիսի, Արցախի, Զանգեզուրի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Ախալցխայի և հայաբնակ այլ շրջանների հայ երիտասարդությունը 3։

Արտագնացությունն առաջ էր գալիս նաև վաշխառության հետևանքով. չկարողանալով մարել վաշխառուական պարտքերը, գյուղացիությունը հարկադրված դիմում էր տարագնացության։ Աղքատացած գյուղացիների հետ մի շարք դեպքերում արտագնացության էին մեկնում նաև փոքրիշատե ապահովված գյուղացիները:Նրանք մեկնում էին դրամ վաստակելու և իրենց տնտեսություններն ավելի բարեկարգելու կամ առևտրական գործունեություն ծավալելու նպատակով 1։

Անդրկովկասի քաղաքներում և գյուղերում,֊ գրում էր «Մշակի թղթակից Կասպիացին»,֊ Բագւի անունը մի կախարդական զօրութիւն է ստացել։ Բագու բառը լսելով` պատրաստած սեղան կամ ոսկու կոյտ են հասկանում, որից իւրաքանչիւը ոք եկածին պես անարգելք կարող է ցանկացած բեռը կապել ու գնալ...2։

Դեպի Բաքու զանգվածային արտագնացության հոսքին նպաստեց նաև 1883 թ. շահագործման հանձնված Թիֆլիս֊Բաքու երկաթգիծը։

Բաքու արտագնա աշխատանքի մեկնածների շրջանում մեծ թիվ են կազմում հատկապես Գորիս գյուղաքաղաքից, Խնձորեսկ, Ախլաթյան, Խոտ, Ույծ (Ուզ), ապա Տաթև 3գյուղերից գաղթածները:

Արցախից Բաքու պանդխտության մեկնողները հիմնականում եղել են Վարանդա գավառից։ 1880-ական թվականներին աճում է նաև Երևանի նահանգից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։ Գյուղացիների տնտեսական դրությունն ուսումնասիրողները 1884-1886 թթ. արձանագրում էին, որ Նոր Բայազետի գավառի 31 գյուղերից արտագնա աշխատանքի են մեկնել 6400 տղամարդուց 2230-ը, նույն գավառի 77 գյուղերի 23 791 տղամարդուց՝ 5065-ը 4։ Բաքու էին գաղթում նաև Գյոքչա, Շամախի և Ղուբա գավառների հայկական գյուղերի բնակիչները։ Գյոքչա և Շամախի գավառների հայ գյուղացիներից շատերը Բաքու էին մեկնում ժամանակավոր աշխատանք գտնելու նպատակով։ Բաքու արտագնա աշխատանքների մեկնող երիտասարդները գնում էին սեպտեմբերից և վերադառնում գարնանը՝ հաջորդ տարվա դաշտային աշխատանքներին մասնակցելու համար։

Արտագնա աշխատանքի մեկնած գյուղացիությունը գյուղի հետ մշտապես կապ պահպանելու, գյուղերում բնակվող իրենց հայրենակիցներին նյութական օգնություն ցույց տալու նպատակով ստեղծել էին մի շարք հայրենակցական և երիտասարական միություններ: Վերջին տարիներս,֊ գրում էր «Անիւ շաբաթաթերթը: Բագւում բնակւող գիւղացիական երիտասարդութեան մէջ մի նոր գործունէութեան ասպարէզ է բացւել։ Գիւղից դուրս, աշխատաւոր գիւղացիութեան շրջանակից հեռու կազմակերպում են «միութիւններ» և նպատակ դնում օգնել գիւղացիներին` բարձրացնելու նրանց նիւթական և մտաւոր֊բարոյական մակարդակը» 1։ Միայն XX դարասկզբին Բաքվում գործում էին արցախահայերի ավելի քան 30 հայրենակցական միություններ2։

Բաքվում հաստատված հայության երրորդ հատվածը ազատ քաղաքացիներից և վաճառականներից հետո զբաղեցնում էր գյուղացիությունը, որը կազմում էր քաղաքի ամենաբազմամարդ շերտը:

Հայկական գյուղերից արտագնա աշխատանքի մեկնողները Բաքվում գերազանցապես ընդգրկվում էին նավթարդյունաբերության ոլորտում, զբաղվում էին նաև կոշկակարությամբ, դերձակությամբ, դարբնությամբ, հյուսնությամբ և այլ արհեստներով3։

Բաքվում հաստատված պանդուխտ հայ մշակները բնակություն հաստատեցին ոչ միայն քաղաքի արվարձանային թաղերում, այլև մոտակա Սաբունչի, Մաշթաղա, Բուզովնա, Շաղան, Մարդաքյանդ և Բիբի֊Հեյբաթ գյուղերում 4։

Աստիճանաբար սկսեց ձևավորվել նաև գործարանային շրջանը, որի հետևանքով Բաքվի ամբողջ մթնոլորտը լցվեց նավթի հոտով ու ծխով։ Բնակչության առողջության խնդրով պայմանավորված` կառավարությունը նահանգապետ Վ. Ստարասելսկու առաջարկությամբ 1873 թ. հատուկ տեղ էր հատկացրել գործարանային շրջանի համար, որը կոչվեց Սև քաղաք5։

Ալ. Շիրվանզադեն իր հուշերում թողել է Սև քաղաքի ուշագրավ նկարագրությունը.Սև Քաղաք անվանվում է այստեղ նավթային գործարանների խումբը, որ սփռված է մոտավորապես վեց քառակուսի վերստաչափ տարածության վրա, հեռվից մարդու աչքին ներկայացնում է մառախուղով պատված մի փոքրիկ քաղաք, որը Սև մականունը կրում է այն պատճառով, որ այստեղ ամենայն բան սև է՝ սկսած անշունչ առարկաներից մինչև տնային կենդանիներն ու մարդը6։ Արդեն վեց ամիս անց Սև քաղաքում հիմնադրվել և գործում էր 80 գործարան7 ։

Սև քաղաքի 4 կմ հեռավորության վրա էր գտնվում արտադրական և բնակելի շրջանը «Սպիտակ քաղաքը1։ Սև» ևՍպիտակ» քաղաքների միջև երկաթուղային կապը հաստատվեց 1880 թ., երբ կառուցվեց Բաքու-Սուրախանի֊Սաբունչի երկաթգիծը (33 կմ): 1873 թ.Բնակավայրերի ցուցակների» համաձայն՝ քաղաքն ուներ 3516 տուն` 15 105 (8627 ար., 6478 իգ.) ազգաբնակչությամբ, որից հայ` 747 (396 ար., 351 իգ.) (1188)` կազմելով ամբողջ բնակչության 4.9%-ը:

1883 թ. դրությամբ քաղաքի ազգաբնակչության թիվը, կտրուկ աճելով, հասնում էր 50000֊ի 2։

Շնորհիվ արդյունաբերության բազմաբնույթ ճյուղերի համընդհանուր զարգացման` XIX դարի երկրորդ կեսից և հատկապես դարավերջին Բաքուն արդեն առևտրաարդյունաբերական միջազգային խոշոր քաղաք էր, ուր կարելի էր հանդիպել ամեն ազգի ներկայացուցիչների։

Բաքու քաղաքի` 1889 թ. էթնոժողովրդագրության վերաբերյալ ուշագրավ տվյալներ է պարունակամ Թիֆլիսում հրատարակված «Բաքուն և նրա շրջակայքը» գրքույկը, որի տեղեկացմամբ քաղաքի ազդաբնակչության ընդհանուր թիվը կազմում էր 92600, որից, ըստ դավանանքի, չիա մահմեդականները՝ 39508, հայերը՝ 25897, ռուսները 22693, ռուս մոլականներ և այլ աղանդավորներ` 970, կաթոլիկները` 1211, լյութերականները` 1919, հրեաները` 402 3։

Արդեն 1890 թ.֊ին «Սև և «Սպիտակ քաղաքների 109182 բնակիչներից հայեր էին 28818-ը` կազմելով ամբողջ բնակչության 26.4%-ը։

XIX դարի 50-ական թվականների վերջերին քաղաքի հայ բնակչությունը հաստատուն աճ է ունեցել Արևելյան Հայաստանի տարբեր շրջանների` Երևանի, Սուրմալույի, Նախիջևանի, Բայազետի բնակչության զգալի արտահոսքի հետևանքով։

Բաքվի բազմազգ բնակչության, այդ թվում նաև հայերի թվի նվազման պատճառ դարձավ 1892 թ. հունիսի 6-ից բռնկված համաճարակը։ Խոլերան, որ եկել էր Իրանից, արագորեն տարածվեց նաև Այսրկովկասի գրեթե բոլոր վայրերում։ Խոլերային զոհ գնաց հատկապես աղքատ խավը, որը չուներ նյութական անհրաժեշտ միջոցներ համաճարակից պաշտպանվելու համար: «Խոլերան...,֊ գրել է Լեոն, - կոտորում էր... կոտորվում էր բացառապէս աղքատ մարդկութիւնը։

Մահերը դիակների վրայ մարմնացրել էին աշխարհի հին, ալևոր իմաստութիւնը. չունիս փող, մտիր հող: Աղքատութիւնը մենակ էր մնացել իր սրտի ու մտքի հետ։

Եւ կոտորվում էր...1։

Աղետի առաջին իսկ օրերից Բաքվի քաղաքային Դուման ակտիվ միջոցառումների ծրագիր է մշակում։ Խոլերայի համաճարակի ժամանակ քաղաքի հայ հոգևորականությունը նույնպես մասնակցեց աղետի հաղթահարմանը։

Մոլեգնող համաճարակի դեմ կանխարգելող աշխատանքներ տանելու նպատակով Բաքվի նահանգապետի որոշմամբ նահանգի մասշտաբով ստեղծվում է Առողջապահության հասարակական կոմիտե` Շամախիի թեմի եկեղեցական 2։

Համաճարակի հետևանքով հայ բնակիչների կեսից ավելին հեռացավ քաղաքից և հաստատվեց նահանգի գավառներում, Արցախի և Զանգեզուրի տարբեր գյուղերում։

«Հռչակաւոր Բաքուն,- գրում էր Մուրճը, որ այս վերջին երկու տասնեակ տարիներում աճել էր մինչ 120,000 բնակիչների, դատարկւեց արագ կերպով այնպէս, որ, ամիս չանցած, նորա մէջ մնացին, որպէս պնդում են, միայն երկու տասնեակ հոգի3։

Քաղաքից փախչող ժողովրդի միջոցով խոլերան տարածվեց նաև նահանգի գավառներում։ Բաքվում հիվանդացածներից 77.7 %-ը մահանում էր։

Ընդհանուր առմամբ, հունիսի 6-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Բաքվի նահանգում հիվանդացել էր 20223 և մահացել 11639 հոգի 4։

Բաքվում բռնկված համաճարակին հաջորդեցին տարափոխիկ հիվանդություններ՝ ծաղիկ, դիֆթերիա և այլն: Համաճարակներից բացի, Բաքվի հայ բնակչությունը մեծապես տուժել էր նաև բուն քաղաքում և հատկապես նավթարդյունաբերական գործարանային շրջաններում մեկը մյուսին հետևող հրդեհներից 5։ Կովկասի ոչ մի քաղաքում այնքան հրդեհներ տեղի չեն ունեցել, որքան Բագւում6, - ասված էր 1904 թ. Լոյս պատկերազարդ օրացոյցում։ Ուշադրության է արժանի հատկապես 1895 թ. հունվարի 30֊ին քաղաքի կենտրում բռնկված հրդեհը, որի հետևանքով«քաղաքի զարդ» համարվող Քալանթարյան եղբայրներին պատկանող եռահարկ Պասաժն 1 ամբողջովին հրո ճարակ է դարձել 2։

Թեպետ XIX դարի վերջին բուն քաղաքում և արվարձաններում (Բայիլ, Սաբունչի, Բալախանի, Սև քաղաք) արդեն ստվարացել էր հայերի թիվը, սակայն քաղաքը դեռ գտնվում էր ծխատեր ընդամենը մեկ քահանայի հովվության ներքո։ Քաղաքի հայ բնակչությունը ծխական համայնքների միջև բաժանվեց թեմի առաջնորդ Մեսրոպ արքեպ. Սմբատյանցի նախաձեռնությամբ։

1893 թ. ապրիլի 7-ին ծխաբաժանության կամ թաղաբաժանության վերաբերյալ կազմված կանոնադրության հանաձայն` քաղաքի հայ բնակչությունը բաժանվեց ծխական վեց թաղերի, որտեղ պարտավոր էր ծառայել մեկական քահանա։ Առաջին թաղում (440 տուն) բնակչության հովվությունն ստանձնեց Ղևոնդ քհն. Տեր֊Աստվածատրյանը, երկրորդում (346 տուն)` Մեսրոբ քհն. Տեր-Ոսկանյանցը, երրորդում (376 տուն)` Խորեն ավ. քհն. Միրզաբեկյանցը, չորրորդում (390 տուն)` Գրիգոր քհն. Գրիգորյանցը, հինգերորդում (417 տուն)` Եղիշե ավ. քհն. Գեղամյանցը և վեցերորդում (350 տուն)` տեր Աբգարը 3։

Բաքվի հայ, ինչպես նաև ամբողջ բնակչության աճը խթանվեց մոլեգնող համաճարակի կանխարգելումից հետո ստեղծված սանիտարահիգիենիկ, սոցիալ-տնտեսական նորմալ պայմանների շնորհիվ: Ս. Էփրիկյանի բերած տվյալների համաձայն` 1893 թ. վերջերին քաղաքի 87704 (55 609 ար., 32095 իգ.) ազգաբնակչությունից հայերի թիվն արդեն 25583 էր (18 269 ար., 7314 իգ.) 4։

Հայ բնակչության բարձր աճի հիմնական պատճառը Արևելյան Հայաստանում դեռևս շարունակվող սովն էր, որի հետևանքով գյուղերից հետզհետե մեծանում էին արտագաղթողների թիվը Բաքու և այլ քաղաքներ: Միայն Երևանի, Սուրմալուի և Նախիջևանի գավառներից 1893 թ. տարբեր ամիսներին արտագնացության էր մեկնել 5236 մարդ 5։ Բաքու արտագնա աշխատանքի և մշտական բնակության էին մեկնում նաև Ռուսաստանի հայաբնակ գրեթե բոլոր վայրերից։ «Արձագանքը» 1893 թ. ապրիլին տեղեկացնում է. «Բագուայ բնակիչների մեծագոյն մասը թուրքեր են, դրանից յետոյ երկրորդ տեղը բռնում են տեղացի և գաղթական հայերը...6։

1897 թ. հունվարի 28-ի մարդահամարի տվյալներով` Բաքուն ուներ 1119041` (66893 ար., 45011 իգ.) ազգաբնակչություն, որից հայ 19099 (12574 ար., 6525 իգ.) 2` կազմելով ամբողջ բնակչության 17,1%-ը։

XIX դարի 90-ականների կեսերին քաղաքում հայերի թիվը բազմանում է նաև ի հաշիվ Վանից եկած ընտանիքների: Աբդուլ Համիդի կազմակերպած կոտորածներից մազապուրծ ավելի քան 500 վանեցի գաղթականներ 1896 թ. աշնանը, ապա 1897 թ. հոկտեմբերին Կովկասի զանազան քաղաքներից զատ, ապաստան գտան Բաքվում, ուր մնացին մինչև 1898 թ. մայիսի վերջերը 3։

Արևմտահայ գաղթականների օգնության գործը կազմակերպելու ուղղությամբ հսկայական աշխատանք ծավալեցին տեղի բարեգործական ընկերությունները՝ այդ նպատակով ստեղծելով գաղթականական գործը կազմակերպող մասնախմբեր4։ Այդ գործին իր մեծագույն նպաստը բերեց Մարդասիրական ընկերությունը և Եկեղեցական աղքատախնամ հոգաբարձությունը5, որոնք գաղթականների ծանրագույն վիճակը մեղմելու, նրանց սննդով և հագուստով ապահովելու համար տրամադրեցին նյութական միջոցներ: Հարկ է նշել, որ որքան էլ բարեգործական ընկերությունները փորձում էին ուժերի ներածին չափով օգնության ձեռք մեկնել գաղթականներին, այդուհանդերձ, այդ օգնությունը բավարար չեղավ վերջիններիս անսահման տառապանքներն ամբողջապես մեղմելու։ «Նոր դար»֊ն այդ առիթով գրում էր. «Բագւում որ փողոցով անցնելու լինէք, կպատահէք միշտ մերկանդամ գաղթականների, որոնք երբեմն նոյն իսկ խմբերով ձեռք են պարզում ողորմութեան և ձանձրացնում անցորդներին: Եւ դրանք գլխաւորապես կանայք և երեխաներ են, որով տեսարանը աւելի ցաւալի է դառնում...6:

1898 թվականին Բաքու քաղաքի ոստիկանական բաժանմունքը տեղեկացնում էր, որ շուրջ մեկ տարվա ընթացքում հայերի թիվը քաղաքում նվազել էր։ Դա այն դեպքում, երբ բնական և մեխանիկական աճի տեմպերի համար առկա էր ժողովրդագրական նպաստավոր պայմաններ: Ենթադրվում է, որ ռուսական պաշտոնական վիճակագրական մարմինների կողմից արհեստականորեն նվազեցվել է քաղաքի հայ բնակչության թիվը։ Չնայած այդ ամենին, արտագնացությունը Բաքու նկատելիորեն աճում էր։ Դեպի Բաքու արտագնացությանը պատճառներից էր Գյոքչայի և Շամախիի գավառների 1899 թ.երաշտն ու անբերրիությունը 1։ Դարավերջին Բաքու արտագնա աշխատանքի սկսեցին գալ նաև Հյուսիսային Կովկասից և Դաղստանի մարզից։ Արդեն XIX-XX դդ. սահմանագծում հայ բնակչության թիվը Բաքվում ավելի քան 45000 էր։

XIX դարավերջին Բաքվում բավարար աճի համար նպաստավոր պայմանների հետևանքով հայերի թիվը, ընդհանուր առմամբ, շարունակել էր արագորեն աճել։

XIX դարի երկրորդ կեսից և հատկապես դարի վերջերին Բաքուն Թիֆլիսից հետո դարձել էր արևելահայերի տնտեսական ու մշակութային կյանքի ամենախոշոր կենտրոնը։

Առևտրաարդյունաբերական Բաքվում կարելի էր հանդիպել ամեն ազգի ներկայացուցիչների։ Հայերը, կովկասյան թաթարները, լեզգիները, պարսիկները, լեհերը, գերմանացիները ռուսները և այլք, ապրում էին կողք կողքի և սերտ համագործակցության մեջ էին:

Նրանցից յուրաքանչյուրը բնականաբար իր հետ բերում էր սեփական ազգային սովորույթներն ու մշակույթը2։

Հայ բնակչությունը Բաքվում հիմնականում տեղակայված էր քաղաքի կենտրոնական հատվածում, և հայերին էին պատկանում գրեթե բոլոր չքեղ խանութները և առևտրական տները 3։

Տնտեսական կյանքի աշխուժացման պայմաններում ավելի էր հզորանում հատկապես հայ առևտրաարդյունաբերական խավը: Որպես այս ամենի արդյունք` XIX դ. վերջին Բաքվում արդեն կար ձևավորված և բավականին ազդեցիկ հայ առևտրաարդյունաբերական բուրժուազիա։ Բաքվի խոշոր ձեռնարկատերերի շարքում մեծ տոկոս էին կազմում հատկապես հայ նավթարդյունաբերողները (Փիթոյան եղբայրներ, Օրբելյան եղբայրներ, Առաքել Ծատուրյանց, Հովհաննես Միրզոյան, Գևորգ Լիանոսյան, և շատ ուրիշներ), որոնք և հիմք դրեցին զարգացման սաղմնային վիճակում գտնվող Բաքվի նավթարդյունաբերությանը։

1890 թ. դրությամբ 226 մլն փութ նավթի հանույթի 46%-ը պատկանում էր հայերին, 47,3%-ը՝ ռուսներին և եվրոպացիներին, իսկ 6.7%-ը՝ կովկասյան այլ ազգությունների4։ Բաքվի նավթարդյունաբերության զարգացման ասպարեզում իրենց առանձնահատուկ դերն են ունեցել հատկապես արցախահայերը 1, որոնք իրենց գործիմացության և եռանդի շնորհիվ ձեռք են բերում մեծ հարստություն, նպաստում քաղաքի տնտեսական ու մշակութային կյանքի բարգավաճմանը։

Արցախցի նավթարդյունաբերողներ էին Առաֆելյան եղբայրները, Ղուկասյանները, Գրիգոր և Հովսեփ Թումանյան եղբայրները2 և շատ ուրիշներ 3։

XIX դարավերջին Բաքվի հայերն առաջատար դիրք ունեին քաղաքի ոչ միայն հասարակական֊տնտեսական հարաբերություններում, այլև, շնորհիվ իրենց կրթվածության և գրագիտության, ընդգրկված էին հասարակական֊քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Այսպես` 1840-ական թվականների կեսերին Բաքվի քաղաքագլուխն էր Արղության նշանավոր իշխանական տոհմի ներկայացուցիչ պորուչիկ Պավել Փարսադանի Արղության-Երկայնաբազուկը (Դոլգորուկի)4։

Հիշատակվում են նաև այլ քաղաքական գործիչներ` Քրիստափոր Սերգեյի Անտոնյան5, Հովհաննես Մարգարյանը6,Գրիգոր Այվազյանը 7։

Ամփոփում

խմբագրել

XIX դարում, չնայած էթնիկ, հասարակական, քաղաքական խնդիրներին Բաքվում ապրում էին մեծ թվով հայեր։ Իհարկե պատերազմը, համաճարակները և բռնաճնշումները, որոնք ուղղված էին հայերի դեմ, ունեցան իրենց ազդեցությունը, բայց այնուամենայնիվ, հայերը չկորցրին իրենց ոգին և ուժը` շարունակելով ապրել ու արարել նաև Բաքվում։ Շատերն էլ ջարդերից մաղմզապուրծ եղած իրենց ապաստանն էին գտնում այնտեղ։ Մեծ թվով հայեր էլ գալիս էին այնտեղ աշխատանք գտնելու նպատակով։ Հայերը Բաքվում մեծ գործունեություն են ծավալել այդ շրջանում, և կարելի է ասել, որ շատերը քաղաքի խոշոր մարդկանցից են եղել:

Այսպիսով` XIX դարավերջին Բաքու քաղաքի հայ բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության մի շոշափելի մասը, որն ապրում էր համախմբված, աշխույժ հասարակական֊քաղաքական, տնտեսական և հոգևոր֊մշակութային կյանքով։