Սրտաբանության ինստիտուտ
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ, Սրտաբանության ինստիտուտ, Լևոն Հովհաննիսյանի անվան գիտահետազոտական հիմնարկություն Երևանում, հիմնադրվել է 1961 թվականին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում, ՀԽՍՀ ԳԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի սրտաբանության բաժանմունքի (1953) և ռենտգենաբանության ու ուռուցքաբանության ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի (1958) հիմքի վրա։ Մինչև 1969 թվականը անվանվել է սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտ։ 1966-1991 թվականներին ՀԽՍՀ առողջապահության նախարարության համակարգում էր։ 1975 թվականին ինստիտուտից առանձնացել էր ԽՍՀՄ առողջապահության նախարարության փորձառական և կլինիկական վիրաբուժության ինստիտուտի հայկական մասնաճյուղը։2005 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N1323-Ա որոշմամբ վերակազմակերպվել է որպես «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն։
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | ինստիտուտ |
Հիմնադրված է | 1961 |
Տիպ | Գիտահետազոտական ինստիտուտ |
Նախագահ | Սամվել Հովհաննիսյան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Պարույր Սևակ, շենք 5, Երևան, Հայաստան |
Պատմություն
խմբագրելՍտեղծման օրից հաստատության մասնագետները կատարել են սրտաբանության կարևորագույն թերապևտիկական, վիրաբուժական, տեսական հետազոտություններ։ Ներկայումս ինստիտուտը իր կիրառական և գիտական ներուժը կենտրոնացրել է այնպիսի կարևոր խնդիրներ լուծելու բնագավառում, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը, սրտային անբավարարությունը, զարկերակային գերճնշումը և սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդությունների ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը։ Հայաստանում այս խնդիրների լիակատար լուծմանը շատ է օգնում և այն պարագան, որ ինստիտուտն օժտված է Հանրապետական սրտաբանական դիսպանսերի գործառույթներով և իրավունքներով, Հայաստանում սրտաբանության ծառայություն ստեղծելու գործուն կազմակերպիչ է և ղեկավար օղակ։
Գիտագործնական ծավալուն աշխատանքներից զատ ինստիտուտը մեծ գործ է կատարում մասնագետներ պատրաստելու, որակավորելու բնագավառում։ Սրտաբանության ԳՀԻ-ն երկրին տվել է մոտ 30 գիտությունների դոկտոր, գիտությունների 200 թեկնածու։ Ինստիտուտի աշխատանքն ամփոփվել է 70 մենագրություններում, մեթոդական 300 ցուցումներում, գրեթե 40 հայտնագործություններում, արդյունավետացման 110 առաջարկություններում, մի քանի հազար հոդվածներում, միջազգային համագումարների բազմաթիվ զեկույցներում։ Կոլեկտիվը մեծ աշխատանք է կատարում Հայաստանի սրտաբանների ասոցիացիայում, Սրտի համաշխարհային ֆեդերացիայում և Եվրոպական սրտաբանների ընկերությունում։ Ինստիտուտի գիտական և կիրառական նվաճումները մշտապես արժանացել են բարձր գնահատականների։
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնական նպատակն է առողջապահական գործունեությունը, բուժօգնությունը և սպասարկումը սրտաբանության ոլորտում, որը ներառում է.
- կարճատև և երկարատև դիսպանսերային հետազոտություններ
- ֆունկցիոնալ ախտորոշման ժամանակակից մեթոդների ներդրում
- բուժման նորագույն մեթոդների մշակում և ներդրում
- գիտաբժշկական հետազոտությունների իրականացում
Լաբորատորիաներ
խմբագրելՍրտաբանության ԳՀԻ կառուցվածքը ընդգրկում է հետևյալ բաժանմունքները և ախտորոշիչ լաբորատորիաները՝
- Սրտամկանի սուր ինֆարկտի բաժանմունք
- Սրտային անբավարարության բաժանմունք
- Զարկերակային հիպերտոնիայի բաժանմունք
- Քրոնիկ իշեմիկ հիվանդության բաժանմունք
- Առիթմիայի բաժանմունք
- Կանխարգելիչ սրտաբանության բաժանմունք
- Ռևմատոլոգիայի և հոդաբանության բաժանմունք
- Ռադիոիզոտոպային լաբորատորիա
- Ռենտգենոլոգիայի լաբորատորիա
- Հեմատոլոգիայի լաբորատորիա
- Կենսաքիմիայի լաբորատորիա
- Իմունաբանության լաբորատորիա
- Պաթոմորֆոլոգիայի լաբորատորիա
Սրտաբանության ԳՀԻ-ն համալրված է ժամանակակից ուլտրաձայնային 4-D քառաչափական սարքավորումով և SPECT խցիկով։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 170)։ |