Սրունք-վեգային հոդ մարդու, սրունքի ոսկրերի միացումը ոտի ոսկրերի հետ։ Սրունք-վեգային հոդը կազմում են մեծ ու փոքր ոլոքների ստորին ծայրերը և գարշապարի ոսկրը՝ վեգոսկրը։ Վերջինս իր ստորին մակերեսով միաժամանակ հոդավորվում է ստորադիր ոսկրերի՝ կրունկոսկրի և նավակոսկրի հետ, կազմելով սրունք-թաթային հոդի ստորին հարկը։ Այս հոդերը և ոտքի ոսկրերի կամարը կարևոր նշանակություն ունեն քայլելու պրոցեսում։ Սրունք-վեգային հոդը կողքերից ամրապնդվում է մի քանի ամուր կապաններով, որոնք, սկսվելով միջային ու դրսային պճեղներից, տարածվում են գարշապարի ոսկրերի վրա։ Հոդի ամրությանը զգալի չափով նպաստում են նաև նրան շրջապատող մկանների ջլերը։ Հոդաշապիկը առջևից և ետևից բարակ է և ավելի քիչ է պաշտպանված։ Սրունք-վեգային հոդում կատարվում են ծալման և տարածման շարժումներ, իսկ ոտնաթաթի ազատ կախված դիրքում հնարավոր է նաև կողմնային շարժումներ՝ զատում և տարբերում։ Սրունք-վեգային հոդի շրջանում ոտի ոլորման պատճառով հաճախ տեղի է ունենում կողմնային կապանների պատռվածք և պճեղների կոտրվածք, որը սովորաբար զուգորդվում է թերհոդաղաղտումով։

Սրունք-վեգային հոդ
Նկարագրված էՀայկական սովետական հանրագիտարան, հատոր 11


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 174