Ստերեոսկոպիկ կինոնկարահանման ապարատ

Ստերեոկոպիկ կինոնկարման ապարատ, երկու օբյեկտիվով կինոնկարահանման ապարատ, որը նախատեսված է ստերեոսկոպիկ կինոնկարահանման համար։ Սովորաբար այդպիսի կինոապարատի հիմք է ծառայում մասնագիտական որեէ կինոնկարահանման ապարատ, որի կառուցվածքում որոշակի փոփոխություններ են կատարվում։ Ստերեոզույգի երկրորդ պատկերը ժապավենի վրա պրոյեկտվում է մի փոքր ցած՝ նույնանման պրիզմային համակարգով հանդերձված երկրորդ օբյեկտիվով։ Այդ կինոապարատի օպտիկական համակարգը ներառնում է պրիզմային գլխադիրներով երկու օբյեկտիվ։ Նկարահանման ժամանակ կինոժապավենի վրա ստանում են ստերեոզույգի աջ և ձախ պատկերները, որոնք դասավորված են մեկը մյուսից վերև։ ժապավենի շարժումը կատարվում է միանգամից կադրի կրկնակի բարձրության չափով։ Պրիզմային տարբեր գլխադիրների օգնությամբ կարելի է փոխել կինոնկարահանման ստերեոբազիսը։ Պատկերի մասշտաբի փոփոխման համար օգտագործում են փոխովի օբյեկտիվներ։ Օբյեկտիվների յուրաքանչյուր զույգը հանդերձված է այնպիսի հարմարանքներով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ փոխել օբյեկտիվների հարաբերական բացվածքը և իրականացնել նրանց կիզակետումը։ Նախատեսված է օբյեկտիվների օպտիկական առանցքների դիրքը փոփոխելու հնարավորություն, որը թույլ է տալիս համընկեցնելու դիտման ճառագայթները։ Ստերեոկոպիկ կինոնկարման ապարատ․ հանդերձված է ստերեոդիտոցով, որի միջով նկարահանման ժամանակ օպերատորը տեսնում է նկարահանվող օբյեկտների ծավալային պատկերը։ 70 մմ-անոց ժապավենի վրա ստերեոնկարահանում կատարելիս ստերեոզույգի աջ և ձախ պատկերները տեղադրվում են ժապավենի լայնքով՝ կողք կողքի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 122