Ստաֆիլակոկեր
Ստաֆիլակոկեր, գրամ դրական, գնդաձև (կոկեր), անշարժ, 0․5-1․5 մկմ տրամագծով բակտերիաներ, որոնք չեն առաջացնում սպոր և պատիճ։ Բջիջները խմբավորվում են առաջացնելով խաղողի ողկույզ հիշեցնող փաթեթներ։
Ստաֆիլակոկի տեսակները ֆակուլտատիվ անաէրոբ օրգանիզմներ են (ընդունակ են աճել ինչպես աերոբ, այնպես էլ անաերոբ պայմաններում)։ Ունակ են սինթեզելու կատալազ և օքսիդազ ֆերմենտեր։ Ցուցաբերում են կայունություն որոշ լակտամային շարքի հակաբիոտիկների նկատմամբ շնորհիվ β-լակտամազային ակտիվության։ Ցուցաբերում են կայունություն նաև լիզոցիմի նկատմամբ, սակայն հեշտությամբ լիզիսի են ենթարկվում լիզոստաֆինի ազդեցությամբ։
Staphylococcus անվանումը առաջարկվել է շոտլանդացի վիրաբույժ և բակտերիոլոգ Ալեքսանդր Օգսթոնի կողմից (1844-1929) 1880 թվականինին։ Staphylococcus անվանումը բաղկացած է staphylo- նախածանցից ( հին հունարեն՝ σταφυλή, staphylē — «խաղողի ողկույզ» ) և ժամանակակից լատիներեն՝ coccus ( հին հունարեն՝ κόκκος, kókkos — «գունդ, գնդաձև») վերջածանցից[1]։
Ստաֆիլակոկերը ներկայացված են առնվազն 40 տեսակներով։ Դրանցից 9-ը ունեն երկու ենթատեսակ, մեկը՝ երեք ենթատեսակ, իսկ մեկը` չորս ենթատեսակ[2]։ Ստաֆիլակոկերի մեծամասնությունը անվտանգ են և տարածված են փոշում, օդում, ջրում, տարբեր սննդամթերքներում, ինչպես նաև, մարդու և կենդանիների մաշկի, լորձաթաղանթների, վերքերի վրա։ Սակայն որոշ տեսակներ կարող են հարուցել հարմարողական (օպորտունիստական) վարակներ։ Ախտածին ստաֆիլակոկերը առաջացնում են էնտերոտոքսիններ, որոնք հարուցում են սննդային թունավորումներ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Թռչունյան Ա․Հ․, Փանոսյան Հ․Հ․, Բազուկյան Ի․Լ․,Մարգարյան Ա․Ա․, Պոպով Յու․Գ․ (2014)։ Մանրէաբանության լաբորատոր աշխատանքներ։ ԵՊՀ Հրատարակչություն։ էջ 191։ ISBN 978-5-8084-1904-9
- ↑ «An introduction to Staphylococcus aureus, and techniques for identifying and quantifying S. aureus adhesins in relation to adhesion to biomaterials: review»։ European Cells & Materials 4: 39–60։ December 2002։ PMID 14562246