Ցիտոկինիններ, բույսերի հորմոնների խումբ (կինիններ), 6-ամինապուրինի ածանցյալներ։ Առաջանում են հիմնականում արմատներում և քսիլեմով տեղաշարժվում դեպի ընձյուղները, տերևները, բողբոջները։ Հատկապես շատ են պտուղներում և սերմերում։ Ցիտոկինինները խթանում են բջիջների կիսումը, սերմերի ծլումը, բողբոջների աճը, Նուկլեինաթթուների, սպիտակուցների, քլորոֆիլի սինթեզը, մասնակցում օրգանների տարբերակմանը, ցողունների, արմատների, ծաղիկների առաջացմանը։ Ցիտոկինինները աուքսինների առաջացրած գագաթնային դոմինանտության անտագոնիստներ են։ Բույսերից մեկուսացած դեղնած տերևների մշակումը ցիտոկինիններով դրականորեն է ազդում նրանց կանաչման և կյանքի երկարացման վրա։ Հաստատված է, որ ցիտոկինիններ ազդում են քլորոպլաստների ուլտրակառուցվածքի վրա, արագացնում թաղանթների և գրանների առաջացումը։ Ցիտոկինինները միաժամանակ կարգավորում են նյութափոխանակության արգասիքների վերաբաշխումը բույսերի տարբեր մասերում և օրգաններում։ Ցիտոկինինների շարքում առանձնապես ակտիվ է խմորասնկերից անջատված կինետինը, որն ուժեղացնում է ցիկլային ֆոսֆորիլացումը և նպաստում ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) քանակի ավելացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։