Կոնտակտային ոսպնյակները աչքի մակերևույթի վրա տեղադրվող ոսպնյակներ են։ Կոնտակտային ոսպնյակները համարվում են բժշկական սարքեր և կարող են օգտագործվել տեսողության շտկման, կոսմետիկ կամ թերապևտիկ նպատակներով[1]։ Ըստ 2004 թվականի գնահատումների՝ աշխարհում 125 միլիոն մարդ օգտագործում է կոնտակտային ոսպնյակներ[2]։ 2010 թվականին կոնտակտային ոսպնյակների համաշխարհային շուկան գնահատվել է 6,1 միլիարդ դոլար։ Բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ, լինզաների համաշխարհային շուկան 2015 թվականին կկազմի 11,7 մլրդ դոլար[3]։ 2010 թվականի դրությամբ, կոնտակտային լինզաներ օգտագործողների միջին տարիքը 31 տարեկանն էր, իսկ երկու երրորդը՝ կանայք են[4]։

Մարդիկ կրում են կոնտակտային ոսպնյակներ բազմաթիվ պատճառներով։ Այն մարդիկ, ովքեր ունեն տեսողության խնդիր, սակայն չեն ցանկանում ակնոց կրել, կրում են լինզաներ։ Ոմանք էլ կրում են կոսմետիկ նպատակներով՝ ցանկանալով փոխել աչքի գույնը։ Ի տարբերություն ակնոցների կոնտակտային ոսպնյակները ապահովում են ամբողջական տեսողություն, չեն խոնավանում (անձրևից, ձնից, խտացումից և այլն) կամ քրտնում։ Կոնտակտային լինզաները հատկապես նախընտրում են մարդիկ, ովքեր զբաղվում են սպորտով, կամ պարզապես ակտիվ կենսակերպ են վարում[5]։ Բացի այդ կոնտակտային լինզաներ կրելու դեպքում մարդիկ կարող են կրել իրենց ցանկացած արևային ակնոցը։

Կոնտակտային լինզաների շուկան հակված է աճի, քանի որ աչքի հետ կապված խնդիրները՝ աստիգմատիզմը, հեռատեսությունն ու կարճատեսությունը, գնալով ավելի տարածված են դառնում։ Աճին նպաստող մյուս գործոններն են նաև բնակչության մեծացումը, նորաձևությունը, տեխնոլոգիական առաջընթացը։ Ըստ կանխատեսումների 2020 թ. կոնտակտային լինզաների շուկայի արժեքը կհասնի 13.5 միլիարդ դոլարի[6]։

Պատմություն խմբագրել

Ուղղիչ ոսպնյակներ ուղղակիորեն աչքի մակերեսին դնելու գաղափարն առաջին անգամ առաջարկվել է 1508 թվականին Լեոնարդո դա Վինչիի կողմից[7]։ 1637 թվականին Ռենե Դեկարտը հրատարակեց իր աշխատանքը, որտեղ նա ներկայացրել է օպտիկական սարքի գծագրերը։ Այս սարքը բաղկացած էր ջրով լցված ապակե խողովակից, մի ծայրին խոշորացույց էր ամրացված, իսկ մյուս ծայրը մոտենում էր աչքին[8]։ Այնուհետև անգլիացի ֆիզիկոս Թոմաս Յանգը բարելավել է Ռենե Դեկարտի սարքը՝ օգտագործելով ավելի կարճ խողովակ՝ դրանով իսկ փոխհատուցելով բեկման թերությունները։ 1888 թվականին գերմանացի ֆիզիոլոգ Ադոլֆ Գաստոն Յուջին Ֆիկը նկարագրել է օպտիկական հզորությամբ առաջին ապակե ոսպնյակը։ Առաջին ոսպնյակը պատրաստվել և բժշկական պրակտիկայում ներդրվել է 1889 թվականին գերմանացի ակնաբույժ և գյուտարար Ավգուստ Մյուլերի կողմից։ Նա պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Ակնոցներ և եղջերաթաղանթի ոսպնյակներ» թեմայով։ Ավգուստ Մյուլլերն օգտագործել է առաջին ոսպնյակները՝ կարճատեսության տեսողությունը շտկելու համար[9]։ 1999 թվականին հայտնվել են առաջին սիլիկոնե հիդրոգելային ոսպնյակները։ Դա իսկական մեծ նվաճում էր։ Ոսպնյակները կոչվում էին «շնչող», քանի որ դրանց օդակրությունը զգալիորեն ավելի բարձր էր, քան հիդրոգելային ոսպնյակները։ Հիդրոգելային ոսպնյակները չի կարելի կրել ավելի քան 8 ժամ, իսկ սիլիկոնային հիդրոգելը միանգամից մեծ տարածվածություն է ձեռք բերել նրանց շրջանում, ովքեր օրերով ոսպնյակները չեն հանում։ Այս պահին աշխարհի բնակչության մոտ 2%-ը կրում է կոնտակտային ոսպնյակներ[10], որոնցից 36 միլիոնը՝ ԱՄՆ-ում, 20 միլիոնը՝ Եվրոպայում և 14 միլիոնը՝ Ճապոնիայում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Contact Lens Sensors in Ocular Diagnostics. Advanced Healthcare Materials. 4 (6): 792–810». NM Farandos; AK Yetisen; MJ Monteiro; CR Lowe; SH Yun. 2014. Վերցված է 05.12.2017-ին.
  2. Barr, J. (January 2005). «2004 Annual Report». Contact Lens Spectrum. Վերցված է 05.12.2017-ին.
  3. «ANNUAL REPORT: Contact Lenses 2010». Nichols, Jason J. January 2011. Վերցված է 05.12.2017-ին.
  4. «International Contact Lens Prescribing in 2010». Contact Lens Spectrum. Morgan, Philip B. October 2011. Վերցված է 05.12.2017-ին.
  5. «9 պատճառ, թե ինչու են կոնտակտային լինզաները իդեալական սպորտով զբաղվելու համար». Linzonline. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 05.12.2017-ին.
  6. «Contact Lenses Market size, share Report, 2024». Hexa research. www.hexaresearch.com. Վերցված է 05.12.2017-ին.
  7. «Контактные линзы: от шара с водой до «дышащего» полимера». optic-city.ru. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. «Contact lens technology» (PDF). pure-oai.bham.ac.uk. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «История создания контактных линз». likon.com.ua. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «8 вещей, которые поймут только те, кто носит контактные линзы». yavitrina.ru. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. «Contact Lenses: Where Now and Where to?». clspectrum.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.

Աղբյուրներ խմբագրել