«Սերմնաբջիջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սերմնաբջիջ''', սպերմատոզոիդ, մարդու, կենդանիների և բազմաթիվ բույսերի արական սեռական բջիջ։ Առաջա...»:
(Տարբերություն չկա)

09:14, 6 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սերմնաբջիջ, սպերմատոզոիդ, մարդու, կենդանիների և բազմաթիվ բույսերի արական սեռական բջիջ։ Առաջանում է առաջնային սեռական բջիջներից, զարգացման հատուկ պրոցեսի ընթացքում։ Պարունակում է քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Կենդանիների սերմնաբջիջներն ընդունակ են ակտիվ շարժվելու (բարենպաստ պայմաններում 2—5 մմ/ր արագությամբ) և բեղմնավորում են անշարժ կամ պասիվ ձվաբջիջը։ Տարբերվում են ձևով և չափերով (50-500 մկմ, միջատներինը՝ մինչև մի քանի մմ)։ Առանձնացվում են կենդանիների սերմնաբջիջների մի քանի տիպ․ 1․ մտրակավոր սերմնաբջիջ․ կազմված են գլխիկից, որտեղ գտնվում է կորիզը, միջին մասից և մտրակից, որի միջոցով և շարժվում են։ Գլխիկի առաջնային մասում հաճախ ունեն ձվաբջջի մեջ ներթափանցումը հեշտացնող հարմարանք։ Սերմնաբջիջը պատված է ցիտոպլազմայի բարակ շերտով։ Հատուկ են փշամորթներին, աղեխորշավորներին, միջատներին, ողնաշարավորներին և մարդուն։ 2․ Ամեոբաձե սերմնաբջիջ․ զուրկ են մտրակիկներից և տեղաշարժվում են կեղծ ոտիկների միջոցով։ Ավելի պարզ են կառուցված, քան մտրակավոր սերմնաբջիջները։ Հատուկ են նեմատոդներին, տգերին և այլն։ 3․ Պայթող սերմնաբջիջ, հազվագյուտ տիպ է, հատուկ է տասնոտանի խեցգետիններին։ Տեղաշարժվում է կեղծ ոտիկների օգնությամբ, ձվաբջջին հանդիպելիս սերմնաբջջի խիտինե պատիճը պայթում է և իրականացնում բեղմնավորումը։ Բույսերի սերմնաբջիջն (անթերոզոիդ) առաջանում է անթերիդիումներում։ Սերմնավոր բույսերի մեծամասնության սերմնաբջիջները զուրկ են մտրակներից և չեն տեղաշարժվում։ Որոշ ջրիմուռներ, մամուռներ,սնկեր, պտերներ, սելագինելներ, սագոենիներ ունեն (շարժման ուղղությամբ) առջևում տեղադրված երկու (հազվադեպ մեկ) և ավելի մտրակիկներով սերմնաբջիջներ։ Ի հակադրություն այլ բուսական բջիջների, սերմնաբջիջները չունեն թաղանթանյութե պատյան։ Հատկանշական է մեծ կորիզը և ցիտոպլազմայի չնչին քանակությունը։ Սերմնաբջջի շարժումը դեպի ձվաբջիջ պայմանավորվում է քեմոտաքսիսով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։