«Սալերի տեկտոնիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «ՍԱԼԵՐԻ ՏԵԿՏՈՆԻԿԱ: ԿՂԶԱՅԻՆ ԱՂԵՂՆԵՐ: Ակնարկ «Սալերի տեկտոնիկա» տեսության մասին: Սալերի տեկտոնիկան...»:
(Տարբերություն չկա)

09:03, 29 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

ՍԱԼԵՐԻ ՏԵԿՏՈՆԻԿԱ: ԿՂԶԱՅԻՆ ԱՂԵՂՆԵՐ: Ակնարկ «Սալերի տեկտոնիկա» տեսության մասին: Սալերի տեկտոնիկան ժամանակակից երկրաբանական տեսություն է լիթոսֆերայի (քարոլորտի) շարժումների վերաբերյալ: Ըստ այդ տեսության երկրակեղևը կազմված է համեմատաբար ամբողջական բլոկներից` սալերից, որոնք անընդհատ շարժման մեջ են գտնվում միմյանց նկատմամբ: Այդ շարժումների ընթացքում ընդարձակման գոտիներում (միջօվկիանոսային լեռնաշղթաներում և մայրցամաքային ռիֆթերում) սպրեդինգի արդյունքում ձևավորվում է նոր օվկիանոսային կեղև, իսկ հինը` խորասուզվում է սուբդուկցիայի գոտիներում: Այս տեսության շնորհիվ համեմատաբար մատչելի են բացատրվում հետևյալ երևույթները. երկրաշարժերը, հրաբխային գործունեությունն ու լեռնակազմությունը: Առաջին անգամ երկրակեղևի բլոկների շարժման միտքն արտահայտել է 1920-ական թվականներին Ալֆրեդ Վեգեները «Մայրցամաքների դրեյֆ» տեսության մեջ: Իսկ 1960-ական թվականներին շնորհիվ երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և օվկիանոսային հատակի երկրաբանության վերաբերյալ ստացված տվյալների փաստվեց օվկիանոսային կեղևի ընդարձակման (սպրեդինգ) և օվկիանոսային կեղևի մի մասի մյուսի տակ խորասուզման (սուբդուկցիա) երևույթների առկայությունը, ինչն էլ հիմք հանդիսացավ «Սալերի տեկտոնիկա» տեսության ձևավորման համար: Տասնամյակների ընթացքում այդ տեսության էությունը զգալիորեն փոխվել է: Ժամանակակից «Սալերի տեկտոնիկա» տեսության հիմնական էությունը կայանում է հետևյալում. • Երկրի վերին կարծր մասը բաղկացած է լիթոսֆերայից (կոշտ երկրակեղև և վերին մանթիայի արտաքին կոշտ զոնա) և աստենոսֆերայից (վերին մանթիայի պլաստիկ ստորին մաս): Մայրցամաքներն ու օվկիանոսային հատակներն իրենց համապատասխանող լիթոսֆերաներով կազմված են սալերից, որոնք «թափառում կամ լողում» են աստենոսֆերայի մակերևույթի վրա: Սալերի տեղաշարժման հիմնական պատճառը հանդիսանում է աստենոսֆերայում կոնվեկցիոն հոսքերի առկայությունը: • Ժամանակակից քարոլորտում առանձնացնում են 8-9 խոշոր (Ավստրալիական, Եվրասիական, Աֆրիկական, Խաղաղօվկիանոսյան և այլն) և ավելի քան երկու տասնյակ միջին և փոքր սալեր: Փոքր սալերը տեղադրված են խոշոր սալերի միջանկյալ գոտիներում: Բնականաբար, սեյսմիկ, տեկտոնական և մագմատիկ (հրաբխային) ակտիվությունը կենտրոնացված է սալերի` հատկապես կոնվերգենտ սահմաններում: • Մագմատիզմի տեսանկյունից առանձնացվում է երկրադինամիկ 3 հիմնական խումբ` իրենց բնորոշ հրաբխային և պլուտոնիկ դրսևորումներով` 1.դիվերգենտ սահմաններ 2.կոնվերգենտ սահմաններ 3.ներսալային տիրույթներ (օվկիանոսային կամ ցամաքային): Սալերի դիվերգենտ (տարամիտման) սահմաններ: Համապատասխանում են օվկիանոսային ընդարձակման փուլում աստենոսֆերայի դիապիրային բարձրացումներին, որոնք արտահայտված են երկար ձգվող (100-ավոր և ավելի կիլոմետրեր) հզոր միջօվկիանոսային լեռնաշղթաների տեսքով: Օվկիանոսային կեղև-ջուր միջնորմում դիտարկվում են բազալտներ, այնուհետև ըստ խորության (շնորհիվ խոշոր կողաշարժերի)` գաբրոներ, ապա` պերիդոտիտներ: Օվկիանոսային այս լեռնաշղթաներում է, որ ձևավորվում է օվկիանոսային կեղևը: Սալերի կոնվերգենտ (զուգամիտման) սահմաններ: Կոնվերգենցիայի իրավիճակներն արտահայտվում են հետևյալ տիպերով. 1. Օվկիանոսային կեղև - օվկիանոսային կեղև զուգամիտում, որը ծնում է հիմնականում էքսպլոզիվ բնույթի մագմատիզմ (կրա-ալկալային սերիայի), երբեմն` էֆուզիվ (տոլեիտային սերիայի): Ներկայացված են անդեզիտներով ու բազալտներով, որոնք ի հայտ են գալիս մակերեսում և կազմում են կղզային շարաններ, որոնք սովորաբար կամարաձև են և կոչվում են կղզային աղեղներ: 2. Օվկիանոսային կեղև – ցամաքային կեղև զուգամիտում: Մագմատիզմն ավելի բարդ է, ներկայացված է հիմնականում անդեզիտներով ու ռիոլիտներով: Այն զարգանում է ակտիվ ցամաքային ծայրամասի վրա և նպաստում է այստեղ լեռնային շղթայի առաջացմանը: Ամենաբնութագրականն Անդյան կորդիլերներն են: 3. Ցամաքային կեղև - ցամաքային կեղև զուգամիտում: Այս դեպքում հրաբխականությունը բացակայում է, փոխարենը զարգանում է պլուտոնիզմը: Այս իրավիճակում գոյանում են օրինակ` գրանիտները, որոնք կազմում են ցամաքային կեղևը: 4. Օվկիանոսային կեղև - օվկիանոսային կեղև կամ օվկիանոսային կեղև - ցամաքային կեղև զուգամիտում, սակայն օվկիանոսային լիթոսֆերայի ընդամենը մի մասի վրաշարժով մյուս կեղևի վրա: Այլ կերպ այս երևույթը կոչվում է օբդուկցիա: Ի դեպ մագմատիզմը ծնվում է դիվերգենտ գոտիներում: Մագմատիզմի ներսալային մարզեր: Հաճախ համաշխարհային օվկիանոսում կամ էլ ցամաքների վրա կարող են դիտարկվել բազմաթիվ հրաբուխներ, որոնք մշտապես ակտիվ են և արտաքուստ որևէ կապ չունեն այս կամ այն սալի հետ: Այստեղ մենք գործ ունենք մագմատիզմի հետ, որն ընթանում է երկու աշխարհագրորեն տարբեր միջավայրերում` օվկիանոսներում և մայրցամաքներում: Կղզային աղեղներ: Ընդհանուր բնութագիրն ու մագմատիզմը: Կղզային աղեղներն իրենցից ներկայացնում են սուբդուկցիայի զոնայում առաջացած հրաբխային կղզիների շղթաներ: Ձևավորվում են այնտեղ, որտեղ մի օվկիանոսային սալը խորասուզվում է մյուսի տակ: Ժամանակակից կղզաղեղներն են` Կուրիլյան, Ալեության, Մարիանյան ու շատ այլ արքիպելագները: Կղզային աղեղները ձևավորվում են երկու օվկիանոսային սալի բախման հետևանքով: Սալերից մեկը հայտնվում է ներքևում և կլանվում է դեպի մանթիա, իսկ վերևի սալում ձևավորվում են կղզային աղեղի հրաբուխները: Կղզաղեղի ուռուցիկ կողմն ուղղված է խորասուզվող սալի կողմը: Այդ կողմից գտնվում են խորջրյա փողրակն ու ճկվածքը: Կղզաղեղի թիկունքում գտնվում է հետաղեղային ավազանը (օր.` Օխոտի ծովը, Հարավճապոնական ծովը), որում նույնպես կարող է տեղի ունենալ սպրեդինգ: Կղզային աղեղների տակ երկրակեղևի հզորությունը նույնն է, ինչ որ ցամաքային կեղևինը` 20կմ և ավելի: Ըստ Ս.Ա. Ֆեդոտովի աղեղների տակ` երկրակեղևի հատակից մինչև 100կմ խորությունը (ամբողջ քարոլորտը), ձգվում է ցածր սեյսմիկական արագությունների գոտին` 7.6 - 7.8 կմ/վ, որը դեպի ներքև ձուլվում է աստենոսֆերայի հետ: Ենթադրվում է, որ երկրաշարժերի օջախները կենտրոնացված են համեմատաբար ոչ լայն (100կմ-ից ոչ ավել) գոտում, որը տարածվում է թեք` սկսվելով խորջրյա փողրակից, անցնում է կղզային աղեղի տակ` միջինը մոտ 45° անկյամբ: Հին կամ ծեր աղեղներին բնորոշ է երկու մետամորֆային գոտի. 1. ներքին` կազմված ամֆիբոլիտային ֆացիայի ապարներից (ցածր ճնշում, բարձր ջերմաստիճան) 2. արտաքին` կազմված առավելապես կապույտ գլաուկոֆանային թերթա- քարերից (բարձր ճնշում, ցածր ջերմաստիճան): Ժամանակակից կղզային աղեղներն ի հայտ են եկել օլիգոցենի վերջում – միոցենի սկզբում` ձևավորվելով տարասեռ հիմքերի վրա: Որպես էնսիալիկ կղզային աղեղների հիմք ծառայում են մայրցամաքային երկրակեղևի բլոկները, որտեղ լայն տարածում ունեն ավելի հին մետամորֆային ապարներն ու գրանիտոիդները, իսկ էնսիմատիկ աղեղները գտնվում են օվկիանոսային կեղևի մաֆիկ ապարների վրա: Տեկտոնական այս երկու պայմաններում էլ կղզաղեղային համալիրը ներառում է տերիգեն ֆլիշոիդային հաստվածք, կարբոնատային նստվածքներ, մոլասային կուտակումներ և մեծ քանակությամբ հրաբխային ապարներ: Էնսիալիկ աղեղներում սովորաբար բացակայում են տոլեիտային սերիայի վուլկանիտները, ինչպես նաև` բոնինիտային սերիայի ապարները: Էնսիմատիկ աղեղներում հազվադեպ են բարձր կալիումային անդեզիտներն ու շոշոնիտները, ինչպես նաև բացակայում է բարձր ալկալային սերիան: Ինչպես էնսիալիկ, այնպես էլ էնսիմատիկ կղզային աղեղներում կարող են առանձնացվել վաղ և ուշ հրաբխային ասոցիացիաներ: Առաջիններն ունեն պալեոգենյան հասակ և ձևավորվել են ստորջրյա պայմաններում` ֆլիշոիդային տերիգեն հաստվածքի կուտակման հետ միաժամանակ, իսկ երկրորդներն ունեն ուշ պլիոցենյան և չորրորդական հասակ: Նրանց ձևավորումը շարունակվում է առ այսօր: Ներկայացված են գլխավորապես վերերկրյա հրաբխականության նյութերով: Հարկ է նշել, որ կղզաղեղների հնէաերկրաբանությունը վաղ կայնոզոյում բավականին տարբեր է եղել այժմյանից: Մասնավորապես` խորջրյա փողրակներն այն ժամանակ այլ տեղերում էին գտնվում կամ էլ ընդհանրապես բացակայում էին: Ժամանակակից փողրակները հանդիսանում են ամողջովին նոր կառույցներ և տեկտոնապես համադրվում են ժամանակակից հրաբխականության գոտիների հետ: