«Սաքուլն ուխտ գնաց», Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարի նովելներից է, որում ցայտուն կերպով ներկայացված են նահապետական բարքերի, արմատավորված սնոտիապաշտության կործանարար ազդեցությունները։

Սաքուլն ուխտ գնաց
ՀեղինակՆար-Դոս
Ժանրնովել
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Սաքուլ, Նատո, ազի, գրբաց, Սերգեյ Ստեփանիչ
ՇարքՄեր թաղը
ՎիքիդարանՍաքուլն ուխտ գնաց

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Հասարակական կյանքի հեղաբեկումների պայմաններում, երբ քայքայվում էր նահապետական լճացած կյանքը, հումանիստ Նար-Դոսը հետևում էր մարդու ճակատագրին։ Արվեստագետին առանձնապես հետաքրքրում էր, թե սոցիալական, հասարակական փոփոխությունները ինչպիսի անդրադարձում են գտնում մարդու ներաշխարհում։ Իսկ ի՞նչ է կատարվում մարդու, մարդկային անհատի հետ։ Մի կողմից` վիթխարի տեղաշարժեր, մյուս կողմից՝ փոքր, սակայն խորապես մարդկային տառապանք, մի կողմից՝ կոպիտ, սանձարձակ բարքեր, մյուս կողմից՝ ծայրահեղ զգայուն վերաբերմունք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում շուրջը։ Սրանք են այն մոտիվները, որոնք խաչաբեկվում են «Մեր թաղի» նովելներում։ Նոր հարաբերությունների վերընթաց ալիքով քաղաքի ծայրամասերն ու խարխուլ ճյուղերը շպրտված մարդկանց անելանելի դրության նկարագրությունը Նար-Դոսի նովելներում վերաճում է մարդկային անհատի և պատմության անխուսափելի ընթացքի բախման մեծ խնդրի։ Նար-Դոսը հասկանում է նահապետական քարացած նախապաշարմունքների և սովորույթների խորտակման անխուսափելիությունը։ Ապշեցուցիչ ուժով է մերկացված եգորների, ասատուրների, արտեմների աշխարհի ներքին այլասերումն ու դատարկությունը։ Գրողը երբեք չի կանգնում նահապետականության պաշտպանության դիրքերում։ Ընդունելով կապիտալիստական զարգացման պրոցեսի անհրաժեշտությունը՝ Նար-Դոսը գեղարվեստորեն բացահայտում է, թե ինչպես այդ ամենը ուղղվում է մարդու դեմ, ծնում մարդկային բազմապիսի ողբերգություններ։ Իրադարձությունների ծանրությունը Նար-Դոսի հերոսները վերապրում են մի անքննելի սարսափով ու տագնապով[1]։

Սյուժե խմբագրել

Նովելը պատմում է Դուրգար Սաքուլի մասին, ով երեք տարի է, ինչ հիվանդ էր և ողջ ունեցած-չունեցածը վատնել էր դեղերի ու ուխտագնացությունների վրա, սակայն այդ ամենն ապարդյուն էր անցել։ Եվ ահա Սաքուլը դարձյալ գամվել է անկողնուն։ Հիվանդանոցում բուժման համար տասը շայի են ուզում կամ չքավորության թուղթ` հաստատված ոստիկանության կամ քահանայի կողմից։ Սաքուլը ոստիկանությանը դիմել անգամ չէր փորձում` վստահ լինելով, որ կմերժեն, իսկ քահանան ասել էր` «Տասը շային ի՞նչ ա, ջահել մարդ ես, մի օր որ բանես, տասը շայի չէ, իրեք մանեթ էլ կվերկալնես»[2], ապա տեղի էր տվել` ասելով, որ չքավորության թուղթը կիրակի օրը կտա, սակայն մինչև կիրակի մի ամբողջ վեց օր կար։ Սաքուլի կինը` Նատոն, երազում մի կարմիր ձիավոր էր տեսել և կարծել, թե սուրբ Գևորգն է։ Ազին` Սաքուլի մայրը, լսելով հարսի հորդորները, գնացել էր գրբացի մոտ, վերջինս էլ նրանց ուղղորդել էր դեպի Թելեթի Սուրբ Գևորգ վանքը` ուխտագնացության և պարտադրել, որ Սաքուլը երեք օր ու գիշեր պառկի վանքի բակում` բաց երկնքի տակ։ Սաքուլը պարտք է անում կապալառու Սերգեյ Ստեփանիչից` գրավ դնելով տունը, որպեսզի կարողանան գնալ ուխտագնացության։ Երկու օր Սաքուլը գիշերում է բացի երկնքի տակ` վանքի բակում, սակայն գիշերն ուժեղ անձրև է սկսվում, կինը և մայրը երկար վարանումներից հետո Սաքուլին ստիպված տանում են սենյակ։ Չորրորդ օրը` ուխտը կատարված համարելով(թեև Սաքուլը երրորդ օրը դրսում չէր գիշերել), նրանք վերադարձան տուն։ Սաքուլի վիճակն ավելի էր վատացել։ Եվ ի վերջո նախապաշարված սնոտիապաշտությունը, մարդկանց խեղճ ու կրակ ապրելակերպը նովելի հերոսին հասցրին մահվան։

Գաղափարական բովանդակություն խմբագրել

«Սաքուլն ուխտ գնաց» նովելում սնոտիապաշտությունը ներկայանում է ավելի լայն սոցիալական ծավալումների մեջ։ Աշխատանքի մարդը անզոր է դիմագրավելու անգամ ամենասովորական կենցաղային հոգսերին։ «Դուրգար» Սաքուլը մրսել էր ու հիվանդացել, և այս առօրեական վիճակի մեջ գրողը բացում է հարաբերությունների օղակները, այդ կերպ կատարում միջավայրը մերկացնող ընդհանրացումներ։ Նովելի կառուցվածքային առաջին շերտը ցույց է տալիս միջավայրի բնորոշ կողմերը, այդ պայմաններում ծնված ու ապրող մարդկանց խղճուկ դրությունն ու ունևորների անտարբերությունը նրանց նկատմամբ։ Մարդկանցից և հասարակական օղակներից մերժված խեղճության միակ հույսը մնում է նովելի կառուցվածքային հաջորդ մակարդակում միջավայրը բնութագրող այն երևույթը, ինչի մասին երկչոտ ակնարկում է կինը. «Սաքուլ ջան, ազին որ գա, բացանողի մոտ ղրկենք։ Ես ի՞նչ գիտամ, բալի էլի խաչիցն ես», մանավանդ որ երազում տեսած «մի կարմիր ձիավոր, թուրը ձեռին» կանչում էր իրեն։ Գրբացի կամ բացանողի մասին Սաքուլի մոր հիացական խոսքը, տգիտությունից բացի, ունի հոգեբանական այլ նստվածք ևս՝ անհեռանկար իրենց թշվառության մեջ տարտամորեն որդու փրկության ճիգը. մեկ էլ տեսար` օգնեց։ Բովանդակային զարգացումը որքան ընդգծում է խեղճ մարդկանց փրկության անճարակ ակնկալիքները, այնքան միջավայրի դաժանության հակադրությամբ ընդգծվում է նրանց միայնության ու մերժվածության փաստը։ Ե´վ կառուցվածքի տրամաբանականության, և´ հոգեվիճակների համոզչության, և´ նկարագրության պատկերավոր մանրամասների ու խոսքի բնականության առումներով այս նովելը ժանրի լավագույն արտահայտություններից է[3]։

Կերպարներ խմբագրել

  • Սաքուլ
  • Նատո
  • ազի
  • գրբաց
  • Սերգեյ Ստեփանիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ նոր գրականության պատմություն, հատոր չորրորդ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. 1972. էջեր 256–260.
  2. Նար-Դոս (1962). Մեր թաղը. Երևան: Հայպետուսմանկհրատ. էջ 30.
  3. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Մուրացան, Նար-Դոս. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 253–255.