Սանիտարա-պաշտպանական գոտի

Սանիտարա-պաշտպանական գոտի, արդյունաբերական ձեռնարկությունների և մերձակա բնակելի կամ հասարակական շենքերի միջև ընկած խզման գոտի։ Ստեղծվում է բնակչությանը արտադրական վնասակար գործոնների (աղմուկ, փոշի, արդյունաբերական թույներ պարունակող գազանման և այլ վնասակար արտանետվածքներ) ազդեցությունից զերծ պահելու նպատակով։ Սանիտարա-պաշտպանական գոտու լայնությունը սահմանվում է այն հաշվով, որ բնակելի շրջաններին հասնող արդյունաբերական ձեռնարկությունների արտանետվածքները չգերազանցեն սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Կախված դեպի մթոլորտ արտազատվող արտանետվածքների վնասակարության աստիճանից, տեխնոլոգիական պրոցեսների կատարելությունից, մաքրման կառույցների առկայությունից՝ բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները բաժանում են հինգ դասի, առաջին դասի ձեռնարկությունների համար Սանիտարա-պաշտպանական գոտու լայնությունը 1000 մ է, երկրորդինը՝ 500 մ, երրորդինը՝ 300 մ, չորրորդինը՝ 100 մ և հինգերորդինը՝ 50 մ։ Արտադրական փակ շրջանով առանց դեպի մթնոլորտ արտանետվածքների աշխատող արդյունաբերական ձեռնարկությունների համար Սանիտարա-պաշտպանական գոտին սահմանում են հնարավոր վթարային իրավիճակը հաշվի առնելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 180