Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

(Վերահղված է ՍՊԸից)

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերության կանոնադրական հիմնադրամում ունեն իրենց անհատական բաժնեմասերը և ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց պատկանող բաժնեմասի անվանական արժեքին համապատասխան։ ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ։ Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին։ ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության կանոնադրական հիմնադրամը` նախօրոք որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար։ Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները։ Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակի և անվանական արժեքի բաժնետոմսերի։ ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր, որն ի տարբերություն բաժնետոմսի, չի համարվում արժեթուղթ, այսինքն` սեփականատերը այն չի կարող մաս-մաս վաճառել այլ անձանց՝ առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման։ Վկայականը սեփականատիրոջը փայատերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը

խմբագրել

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին, որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին։ Ընկերության կառավարման միանձնյա մարմնի կազմում կարող են ընտրվել նաև ընկերությանը չմասնակցող անձինք։

Ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման ու ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում են օրենսգրքին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքին և ընկերության կանոնադրությանը համապատասխան։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորումը և լուծարումը

խմբագրել

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նրա մասնակիցների միաձայն որոշմամբ կարող է կամովին վերակազմակերպվել կամ լուծարվել։

Ընկերության վերակազմակերպման և լուծարման այլ հիմքերը, ինչպես նաև նրա վերակազմակերպման ու լուծարման կարգը սահմանվում են օրենսգրքով և այլ օրենքներով։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի վերակազմավորվել բաժնետիրական ընկերության։

Արտաքին հղումներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել