Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Մելքոնյան (1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Մելքոնյանը ծնվել է 1945 թվականի հուլիսի 12-ին Երևանում, մտավորականի ընտանքիում։

Ռուբեն Մելքոնյան
Ծնվել է1945 թվականի հուլիսի 12
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունակադեմիկոս
Ծնողներհայր՝ Գարեգին Մելքոնյան, մայր՝ Վերգինե Աղաբաբյան

Մանկությունը և նախնական կրթությունը խմբագրել

Հայրը՝ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի վաստակավոր գյուտարար էր, տեխնիկական գիտությունների թեկնածու, մայրը՝ Վերգինե Աղաբաբյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ Ռուբեն Մելքոնյանը միջնակարգ կրթություն ստացել է Երևանի Կամոյի անվան № 76 և Չեխովի՝ № 55 դպրոցներում։ 1963 թվականին երիտասարդ Ռուբեն Մելքոնյանն ընդունվեց Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկի ինստիտուտի քիմիական բաժին՝ մասնագիտանալով սիլիկատների տեխնոլոգիայի մեջ։ Այդպիսով նա ցանկանում էր շարունակել իր ծնողների ուղին։ 1965 թվականին արդեն ուսանող Ռուբեն Մելքոնյանը վճռեց հետագա կրթությունը շարունակել Մոսկվայում՝ Մենդելեևի անվան համալսարանում։ Դրա շարժառիթը եղավ այն, որ երիտասարդ գիտնականը դիտել էր «Օրվա նորությունները» կինոժապավեն, որտեղ ծանոթացել էր հանրահայտ գիտնական Իսահակ Իլյիչ Կիտայգորոդի գաղափարներին։ Ծնողների հետ երկար քննարկումներից հետո նա, մեկնեց Մոսկվա և միանգամից նստեց Մոսկվայի քիմիատեխնիկական ինստիտուտի 4-րդ կուրս։ Նրան դասավանդում էին այնպիսի երևելի գիտնականներ, ինչպիսիք էին՝ Նիկոլայ Պավլուշկինը, Սերգեյ Սիլվեստրովիչը, Գեորգի Սենյուտրինը, Տիգրան Քեշիշյանը, Դավիթ Գինզբուրգը, Իվան Բուլավինը և այլք։ Այստեղ Ռուբեն Մելքոնյանը մասնագիտացավ ապակու և սիտալների տեխնոլոգիայի մեջ։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

1968 թվականին ավարտելով Մոսկվայի քիմիատեխնիկական ինստիտուտը՝ Ռուբեն Մելքոնյանը վերադարձավ Երևան և որպես ինժեներ աշխատանքի անցավ քարի և սիլիկատի ինստիտուտում։ 1975-1978 թվականներին նա աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող ապակու ինստիտուտի Գուսևսկի ֆիլիալում, իսկ հետո՝ ապակու պետական ինստիտուտում։ 1977 թվականին Ռուբեն Մելքոնյանը պաշտպանեց ատենախոսությունը “Исследование процесса гидротермального приготовления шихты для хрусталя и эффективности ее использования в стекловарении” թեմայով։ 1978-1980 թվականներին նա արդեն ավագ գիտաշխատող էր համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ապակու բաժնում։ 1988 թվականին Ռուբեն Մելքոնյանը դարձավ ապակու բաժնում գլխավոր տեխնոլոգ և ԽՍՀՄ-ի Բժշկության նախարարության և միկրոկենսաբանական արդյունաբերության դեղագործական միջոցների բաժնի առաջատար մասնագետ։ 1990 թվականից նախարարների խորհրդի նախագահին կից ինովացիոն խորհրդում առաջատար մասնագետ էր։ Զբաղվելով ապակու արտադրության ոլորտի ուսումնասիրություններով, գիտնականը, բնականաբար, հաճախ էր այցելում ապակու արտադրության գործարաններ։ Ռուբեն Մելքոնյանի ուշադրությունից չվրիպեց, որ ապակու արտադրությունը խիստ աղտոտում է շրջակա միջավայրը։ Երիտասարդ գիտնականը փորձեր կատարեց, որպեսզի ուղիներ գտնի արտադրության ժամանակ էկոլոգիան առավել քիչ վնասելու համար։ Ռուբեն Մելքոնյանը գիտական հինգ մենագրության և նույնքան բուհական դասագրքի հեղինակ է, որոնք հիմնականում նվիրված են շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին։ Մասնավորապես 1989 թվականին նա հրատարակեց “Использование промышленных отходов и стеклобоя при производстве новых декоративно-облицовочных материалов”, իսկ 2002 թվականին “Аморфные горные породы и стекловарение”. Հաշվի առնելով Ռուբեն Մելքոնյանի գործունեությունը շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, 1994 թվականին նրան աշխատանքի են հրավիրում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Դաշնային ժողով՝ որպես բնապահպանության խորհրդի ղեկավարի տեղակալ։ Բնապահպանության խորհրդում աշխատելու ժամանակ Ռուբեն Մելքոնյանի ջանքերով կյանքի են կոչվել ներքոհիշյալ օրինագծերը. “О твердых отходах производства и потребления”, “Об охране почв”, “Экологоэкономическая зона- Горный Алтай”. Հատկանշական է, որ Ռուբեն Մելքոնյանը բավական ակտիվ գործունեություն է ծավալել նաև հասարակական կյանքում։ 1990-1993 թվականներին նա ընտրվեց Մոսկվայի հայ համայնքի խորհրդի առաջին նախագահ։ 1997 թվականին Ռուբեն Մելքոնյանը հրավիրվեց «Ռոսնեֆտեգազինտերստրոյի» փակ բաժնետիրական ընկերություն՝ զբաղեցնելու փոխտնօրենի պաշտոնը. այստեղ նա աշխատեց շուրջ 10 տարի, իսկ վերջին չորս տարին զբաղեցրեց «Ռուսաստանի Ռոսնեֆտեգազստրոյի բաժնետիրական ընկերության» փոխնախագահի պաշտոնը։ Նա հասարակական աշխատանքը միշտ էլ կարողացել է համադրել գիտության հետ։ Ռուբեն Մելքոնյանը 2001-2003 թվականներին զբաղվեց դոկտորական ատենախոսությամբ, որն էլ հաջողությամբ պաշտպանեց 2003 թվականի փետրվարի 20-ին “Создание природоохранных технологических процессов получения стекольного сырья и строительных материалов из аморфных горных пород” թեմայով։

Ռուբեն Մելքոնյանն այսօր խմբագրել

Ներկայումս Ռուբեն Մելքոնյանը Ռուսաստանի բնապահպանության ակադեմիայի նախագահության ինժեներական բնապահպանության և տեխնոգենեզի բաժանմունքի անդամ է, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի ինժեներական բնապահպանության և հանածոների խնայման բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ Մելքոնյանը 1984 թվականի պարգևատրվել է ВДНХ - ի բրոնզե, իսկ 1986 թվականի ոսկե մեդալով, ինչպես նաև «ԽՍՀՄ-ի գյուտարար» պարգևանշանով, Վերնադսկու անվան հոբելյանական արծաթե մեդալով, ակադեմիկոս Լագասովի անվան շքանշանով և Լոմոնոսովի անվան անվտանգության, պաշտպանության խնդիրների ակադեմիայի ոսկե մեդալով։ ՀՀ ԳԱԱ-ն բարձր գնահատելով Ռուբեն Մելքոնյանի գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցությունը, 2008 թվականին նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Ռուբեն Մելքոնյանը 2009 և 2010 թվականներին այցելել է Հայաստան, մասնակցել ԳԱԱ ընդհանուր ժողովին և հանդես եկել զեկույցով։ Ռուբեն Մելքոնյանը այսօր էլ համագործակցում է Հայաստանի հետ։ 2009 թվականին ՀՀ կառավարությունում ուսումնասիրվել է ապակու որոշ տեսակների հումքի ստացման վերաբերյալ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռ. Մելքոնյանի կողմից մշակված «Կանազիտ» բիզնես-նախագծի ներդրման հարցը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել