Ռեզիստոր (անգլ.՝ resistor, լատին․՝ resistere դիմադրել), էլեկտրական շղթայի կառուցվածքային տարր (ավարտուն շինվածքի տեսքով), որի հիմնական ֆունկցիոնալ դերը հոսանքը և լարումը կարգավորելն է՝ շղթայում հոսանքին որոշակի (նոմինալ) դիմադրություն ցույց տալու ճանապարհով։ Ռադիոէլեկտրոնային սարքավորումներում ռեզիստորները հաճախ կազմում են բոլոր դետալների կեսից ավելին (մինչև 80%)։ Որոշ ռեզիստորներ կիրառում են ջերմաստիճանը չափելու համար (այդպիսի ռեզիստորներում խիստ արտահայտված է ջերմաստիճանից դիմադրության կախվածությունը) կամ որպես դիմադրություններ (որպես էտալոնային դիմադրություն՝ չափ)։ Արդյունաբերության թողարկած ռեզիստորները տարբերվում են դիմադրության արժեքով, դիմադրության նոմինալ արժեքների թույլատրելի շեղումով (0,25-25%) և ցրվող հզորությամբ (0,01-150 վտ)։

Ռեզիստոր
Նշանակումը էլեկտրական շղթայում, վերևում՝ փոփոխական, ներքևում՝ հաստատուն դիմադրություններով ռեզիստորներ

Ռեզիստորի դիմադրությունը նշված է լինում նրա իրանի վրա կամ թվային արտահայտությամբ կամ կոդավորված ձևով։ Կախված նյութից, որից պատրաստված է ռեզիստորի հոսանքահաղորդ մասը, տարբերում են մետաղական, ածխային, խեցեղեն և այլ ռեզիստորներ։ Փոշուց, խոնավությունից և արտաքին մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար դրանք ծածկում են ապակե էմալով կամ որևէ այլ կարծր նյութով։ Գոյություն ունեն ինչպես հաստատուն, այնպես էլ փոփոխական դիմադրություններով ռեզիստորներ։

Ռեոստատների գործողությունը հիմնված է հաղորդչի դիմադրության՝ հաղորդչի երկարությունից ունեցած կախվածության վրա։ Ռեոստատների կառուցվածքը հնարավորություն է տալիս փոխել այն տեղամասի երկարությունը, որով հոսանք է անցնում։ Այդ երկարության մեծացման դեպքում ռեոստատի դիմադրությունն աճում է, փոքրացման դեպքում՝ նվազում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։