Ռացեմատներ, ռացեմիկ միացություններ, համարժեք քանակներով օպտիկական անտիպոդներ պարունակող, օպտիկապես ոչ ակտիվ կոմպլեքսներ։ Օպտիկական անտիպոդները օպտիկապես ակտիվ են՝ պտտում են բևեռացած լույսի հարթությունը (տարբեր ուղղություններով)։ Նրանց մոլեկուլները ասիմետրիկ ատոմ (սովորաբար ածխածին) պարունակող հայելային (տարածական) իզոմերներ են։ Ռացեմատներում օպտիկական անտիպոդները միացած են թույլ քիմիական կապերով։ Ռացեմատների առաջացումն անտիպոդներից ուղեկցվում է ջերմության անջատմամբ, Ռ․ և առանձին անտիպոդները միմյանցից տարբերվում են ֆիզիկական հատկություններով (հալ․ և եռ․ ջերմաստիճաններով, խտությամբ, լուծելիությամբ և այլն)։ Մոլեկուլում ասիմետրիկ ատոմ պարունակող նյութերի սինթեզի հետևանքում սովորաբար ստացվում են ռացեմատներ։ Ռացեմատներից անտիպոդները բաժանում են մեխանիկական, քիմիական և կենսբանական եղանակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։