Ջրերի պահպանություն, ջրերի աղտոտումը և ջրային պաշարների հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտումները կանխարգելող, նվազեցնող ու վերացնող միջոցառումներ։ Բոլոր ջրային օբյեկտները պահպանվում են աղտոտումից, աղտոտումից և սպառումից, հակառակ դեպքում ջրերի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ հատկությունների փոփոխման, բնական մաքրման, ջրաբանական և ջրաերկրաբանական ռեժիմի խախտման հետևանքով կարող Է վնասվել բնակչության առողջությունը, նվազել ձկան պաշարները, վատթարանալ ջրամատակարարումը և առաջանալ անբարենպաստ այլ Երևույթներ։ Մարդու համար ջուրը կենսական պահանջ է, ժողտնտեսության համար՝ արտադրամիջոց, մի դեպքում՝ աշխատանքի առարկա, մեկ այլ դեպքում՝ աշխատանքի գործիք։

Ջրերի որակական և քանակական չափանիշների պահպանության, ջրային պաշարների որակի բարելավման նպատակով մշակվում են ջրերի որակի չափորոշիչներ, որոնք, ըստ տեղանքի առանձնահատկությունների, կարող են փոփոխվել։ Այդ չափորոշիչներում տրված են ջրային պաշարների ռեժիմի խախտումը, աղտոտումը կանխելու և բնապահպանական նվազագույն հոսքերը որոշելու պայմանները։ ՀՀ-ում ջրերի չափորոշիչների խախտմամբ ջրօգտագործումը անօրինական է և պատժվում է օրենսդրությամբ։

Ջրերի պահպանման գոտիներ խմբագրել

Ջրային էկոհամակարգերի պահպանության նպատակով ստեղծվում են պահպանական գոտիներ, որոնք ըստ նշանակության լինում են՝

  • սանիտարական գոտի, բնակչությանը խմելու և կենցաղային ջուր մատակարարելու, բուժական և առողջարար, կարիքների համար օգտագործվող ջրերը պահպանելու նպատակով առանձնացված տարածք,
  • հոսքի ձևավորման գոտի, տարածք, որտեղ ձևավորվում է գետը,
  • ստորերկրյա ջրերի պահպանման գոտի, տարածքներ, որոնք կարող են ողողվել ստորերկրյա ջրերով,
  • ջրապահպանական գոտի, ջրային պաշարների աղտոտումը կանխելու, ջրային բարենպաստ ռեժիմ ապահովելու նպատակով առանձնացված տարածք,
  • ջրային և ցամաքային էկոհամակարգերի փոխկապված անցումային գոտի, ներառում է ափամերձ և ջրամերձ տարածքները,
  • անօտարելի գոտի, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի և ջրատեխնիկական կառույցների օգտագործման, վերականգնման ու պահպանման որոշակի ռեժիմ ունեցող առանձնացված տարածք։

Ջրերի պահպանությունը Հայաստանում խմբագրել

Ջրերի բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով ՀՀ-ում ջրային պաշարների պահպանությունը ենթակա է նորմավորման, որի դեպքում սահմանվում են սահմանային թույլատրելի մարդահարույց բեռնվածություն, ջրային պաշարներ վերադարձվող կեղտաջրերի և դրանցում պարունակվող նյութերի կազմի սահմանային քանակներ, ջրօգտագործման և ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակներ, ջրային պաշարների պահպանման կանոններ։

ՀՀ-ում ջրերի պահպանությանը նպաստող առաջնահերթ գործողությունները նպատակաուղղված են ջրային պաշարների մեծածավալ կորուստների կանխարգելմանը՝ ջրամբարների նորոգում, ցամաքուրդային ցանցերի շահագործում, ինքնահոս հորատանցքերը փականային ռեժիմի անցում, ոռոգման ցանցերի, ջրատեխնիակական կառույցների, ջրհան կայանների և խորքային հորերի նորոգում, նոր ջրամբարների (հիմնականում փոքր և տեղային նշանակության) կառուցում ու շահագործում։

Ջրերի պահպանության խնդիրներ խմբագրել

ՀՀ-ում ջրերի պահպանության առաջնահերթ խնդիրներ են նաև աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, վերացումը և առաջացման կանխարգելումը։ ՀՀ ջրային էկոհամակարգերի աղտոտման հիմնական պատճառներն են գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունները, որոնց բացասական հետևանքների վերացման կամ մեղմացման միջոցառումներն են.

  • կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,
  • ջրային աղբյուրների սանիտարական նորմատիվների պահպանությունը,
  • հանքային պարարտանյութերի օգտագործումից աստիճանաբար հրաժարումը,
  • ջրային պաշարների մոնիտորինգի անխափան իրականացումը,
  • սանիտարական գոտիների ցանցի ընդլայնումը և այդ բնագավառում համապատասխան ծառայությունների գործունեության անխափան ապահովումը։

Ջրերի պահպանությունն օրենքով խմբագրել

Հատուկ գիտական, մշակութային արժեք ներկայացնող ջրային օբյեկտները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում են պահպանվող և վերածվում արգելավայրի կամ բնության հուշարձանի։

Ջրերի պահպանությունը կարգավորվում է ՀՀ ջրային օրենսգրքով (2002

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։