Պրովեի-Կալիշի դաստակերտ

Ֆ. Ի. Պրովեի - Ա. Ի. Կալիշի դաստակերտ (ռուս.՝ Усадьба Ф. И. Прове – А. И. Калиш), դաստակերտ Մոսկվայում։ Հասցեն՝ Նովայա Բասմաննայա փողոց, տուն 22/2։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է (գրանցման համար` 7720104000)[2]։

Պրովեի-Կալիշի դաստակերտ
Տեսակտեսարժան վայր, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
ՓողոցՆովայա Բասմաննայա փողոց (22/2)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Դաստակերտը պատկանել է վաճառական Լանիններին, ապա այն ձեռք է բերել արդյունաբերող և գործարար Իվան Կարլովիչ Պրովեն։ Հին դաստակերտային կառույցները քանդվել են, և 1895 թվականին Պրովեի երեխաների` երկվորյակներ Ֆեոդորի և Ադելիի համար ճարտարապետ Կառլ Վասիլևիչ Տրեյմանի նախագծով կառուցվել է երկու համաչափ կանգնած կողաշենքերով եռահարկ տուն։ «Ֆրանսիական նեոռենեսանս» ոճի տունը գտնվում է հողամասի փոքր-ինչ խորքում, գլխավոր բակը փողոցից անջատված է դարպասով և կափածո ճաղերով ցանկապատով։ Գլխավոր ճակատի դեկորը կազմված է ծեփվածքից և պատուհանների երեսկալներից։ Ե՛վ տունը, և՛ կողաշենքերը երեսպատված են կոպտատաշ քարով, ճակատի հիմնական` բաց դարչնագույնը լրացված է հակադիր կարմիրով[3]։

Տունն ունի երկու առանձին գլխավոր մուտք, որոնք տարբերվում են ձևավորմամբ և վերևում զարդատախտակներին գրված վենզելներով` «ФП» («ՖՊ») և «АК» («ԱԿ»)։ Առաջինը տանում էր դեպի Ֆեոդոր Իվանովիչ Պրովեի բնակարան, որը գտնվում էր երկրորդ հարկում, իսկ երկրորդը` նրա քրոջ` Ադելի Իվանովնա Պրովեի (ըստ ամուսնու` Կալիշ) բնակարանը երրորդ հարկում։ Առաջին հարկն օգտագործվել է տնտեսական կարիքների և ծառաների համար։ Դաստակերտի ձախ կողաշենքը պատկանում էր Ադելիին, աջը` Ֆեոդորին[3]։

Ֆեոդոր Իվանովիչը մասնակցել է հոր գործերին, սակայն ավելի շատ հայտնի էր որպես դրամահավաք։ Նրան պատկանում էր անտիկ և բյուզանդական մետաղադրամների մի մեծ հավաքածու, և որոշ ժամանակ նա եղել է Մոսկովյան դրամագիտական ընկերության նախագահը։ Նրա քույրը` Ադելին, ամուսնացած էր վաճառական Գեորգի Կալիշի հետ և զբաղվում էր բարեգործությամբ։ Նոր իշխանության օրոք, 1918 թվականին, Ֆեոդորն ու Ադելին վտարվեցին սեփական տնից, իսկ դաստակերտն ազգայնացվեց և սկսեց ծառայել բուժական նպատակների համար։ Ներկայումս տան մի մասը զբաղեցնում է բանկը, իսկ մյուս մասը Սվեշնիկովի անվան պետական երգչախումբը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение Президиума Московского Городского Совета народных депутатов № 84 от 30.07.1992
  2. «Городская усадьба, XIX в.» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 Подъяпольская, Мария. «Усадьба Ф.И. Прове – А.И. Калиш» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.