Պնեվմատոլիզ (< հունարեն jiveujia, սեռական հոլովը Jtvetiiuatoc-շունչ, օդ և Xucru-լուծում, տարրալուծում), միներալառաջացման պրոցես՝ ապարների պարունակության վրա մագմայից անջատված ցնդող միացությունների ազդեցությամբ։ Միներալ֊ ները կամ ուղղակի նստում (սուբլիմվում) են գազերի փոխներգործության շնորհիվ, կամ այդ գազերը ներգործում են մինչ այդ գոյություն ունեցած ապարների վրա (պնևմատոլիտային տեղակալում)։ Պնեվմատոլիզի միջոցով մագմայից դուրս են բերվում շատ մետաղներ և ոչ մետաղներ, որոնք առաջացնում են տարբեր օգտակար հանածոների հանքավայրեր։ Պնեվմատոլիզը բարձր ջերմաստիճանի, առավելապես աղածին տարրերից, ջրից, բորի, ֆոսֆորի միացություններից և ալկալիական մետաղներից կազմված մագմատիկ էմանացիաների համատեղ գործողությամբ առաջ է բերում ապարների փոփոխություններ (պնևմատոլիտային մետամորֆիզմ)։ Այդ փոփոխությունների աստիճանը կախված է էմանացիաների բաղադրությունից և ինտենսիվությունից։ Պնեվմատոլիզը սովորաբար ուղեկցվում է հիդրոթերմալ պրոցեսներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 343