Բացել գլխավոր ցանկը

Պետևանի խաչքար-մահարձան (Քանաքեռ-Զեյթուն)

Պետևանի խաչքար-մահարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Երևանից Սևան տանող Զաքարիա Քանաքեռցու փողոցի ձախ կողմում։ Ընդգրկված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Պետևանի խաչքար-մահարձան
Պետևանի հուշարձան, ArmAg (1).JPG
Պետևանի խաչքար-մահարձան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ Պետական հուշարձան 1.12/1.3
Համայնք Քանաքեռ-Զեյթուն
Հիմնադրում 1265
Ներկա վիճակ կանգուն


ՊատմությունԽմբագրել

Պետևանի խաչքար-մահարձանը որմնափակ մեծ խաչքար է՝ պատրաստված է սրբատաշ կարմիր քարից։ Ժամանակին (մինչև Քանաքեռը Երևանի մաս դառնալը) այն կառուցվել է գյուղի ծայրին՝ հյուսիսային կողմում, այժմ գտնվում է Քանաքեռի կենտրոնում։ Խաչքարին քանաքեռցիները նաև Ամենափրկիչ են անվանում։

Մահարձանը նախկինում եղել է գերեզմանոցի կենտրոնում։ Երևանից Սևան տանող խճուղին կառուցելիս գերեզմանոցը վերացրել են, և Մահարձանը մնացել է ճանապարհի կողքին։ Մահարձանի վրա կան արձանագրություններ, որոնցից արևմտյան ճակատի խաչքարի վրա եղածն անվնաս է և ընթեռնելի, իսկ մյուսը, որ գտնվում է շրջանակի հարավային ճակատին, տեղ-տեղ ջնջումներ ունի և դժվար ընթեռնելի է։

Արևմտյան ճակատի խաչքարերի արձանագրությունը՝

  Ահաւոր անուամբն Աստծոյ ես Պետեւան և կենակից իմ Աւագ տիկին կանգնեցանք զխաչս բարեխաւս մեզ եւ յիշատակ հոգւոց մերոց տղա Ասլանին եւ այլ տղոցն Եւ սահմանեցաք զտեղիս հակստարան մեզ եւ խաչս գերեզմանաց մերոց պահապան. Գրողս զմխիթարիչս յիշեք ի թուիս, հայոց ՉԺԴ (1265 ) :  


Ըստ վերծանված գրությունների՝ Պետևանի Ամենափրկիչ խաչքար-մահարձանից արևելք ընկած ընդարձակ այգին պատկանելիս է եղել Պարազ անունով մի մարդու։ Վերջինս այդ այգին վաճառում է Պետևանին։ Առքուվաճառքի մասին կազմում են արձանագրություն, որը գրված է մահարձանի հարավային կողմի պատի ճակատային մասում։

Մահարձանի հարավային պատի ճակատային մասի արձանագրությունը արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանց Նախիջևանցին վերծանել է՝

  Յանուն Աստծոյ ես Պարազ… և իմ մայր իմ և քւերք իմ մաթութս և Նազխաթունս ծախեցաք մեր սրտահոժարութեամբ զմեր հայրենիք այգիս Պետևանին: ԳՈԲՃ սպիտ անկապաս առք. Աստուած շնորհավոր անէ ՑԾԸ-ից նզոված, տուգանք տայ ծ դեկ. Թվիս ՉԺԷ (1266): Վկա Աստուած, Մխիթար, Վարդ. Բարսեղ էրեց, Սմբատ, Վահրամ, ………… և Մխիթարիչ էրեց, որ զգիրս գրեցի:  


Պետևանի Ամենափրկիչ խաչքար-մահարձանի կողքին կան տարբեր դարերի այլ խաչքարեր։

ԱվանդապատումԽմբագրել

Ըստ մի ավանդապատումի՝ շատ դարեր առաջ մի օտար բռնակալ բազում հայերի է գերել ու տեղահանել։ Բռնակալը, որի անունը հայտնի չէ հիվանդացել է անբուժելի վերքերով, (ասում են ժանտախտով)։ Գերյալների մեջ եղել է նաև մի հայ բժիշկ՝ հեքիմ Արամ անունով։ Վերջինս խոստացել է բուժել հիվանդին, պայմանով, որ նա հայ գերիներին բաց թողնի և թույլ տա վերադառնալ հայրենիք։ Հիվանդի համաձայնությունն ստանալով բժիշկը բուժում է նրան։ Բռնակալը տեր է կանգնում իր խոստմանը և գերյալները վերադառնում են հայրենիք։ Նրանց հետ վերադառնում է նաև բժիշկը, սակայն մինչև տեղ հասնելը մահանում է։ Ի պատիվ իր բարի գործի բժշկին թաղում են մահարձանի առաջ[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել