Պարզ բառ, մեկ արմատից` հիմնական ձևույթից կազմված բառը, որը նույնանում է արմատական բառ հասկացությանը։ Արմատական բառը կարող է ներկայանալ հարացուցային շարքով իբրև բառույթ։ Եթե հարացուցային անդամները ձևավորվում են մասնիկավորումով, ապա հարացույցի առանձին(կամ բոլոր) անդամները կարող են ներկայանալ ձևակազմական մասնիկներով` տարրերով։ Օրինակ, ընկեր-ներ-ից-ս, քաղաք-ի, մարդ-կ-անց-ից։ Ինչպես երևում է, բառույթն իր առանձին ձևերում դառնում է երկձևույթ, եռաձևույթ և այլն։ Սակայն դրանով բառը չի դառնում բաղադրյալ(ածանցավոր կամ բարդ), ուղղակի այստեղ բառաձևն է բաղադրյալ, այն էլ ձևակազմական ձևույթներով։ Այդպիսի բառաձևը բառակազմական կաղապար մտնելիս նրա թեքույթը դիտվում է ածանց։ Օրինակ, հայոց բառը ածանցավոր է։ Ոց-ը երբեմնի թեքույթ է։ Կարող է պատահել, որ թեքույթը հետագայում իմաստազրկվի և վերածվի սոսկ բաղադրական տարրի ինչպես խոսք, միտք, փառք բառերում։ Քարացած հոլովաձևերով բաղադրությունները (պատվոգիր, ձերբազատ) համարվում են բարդ։ Առ, ըստ, ընդ, զ, ի, ց տարրերով բաղադրությունները դասվում են բարդությունների շարքը, թեև դրանք կարելի է կոչվել ածանցավոր, որովհետև այդ տարրերը արդեն համադրության մեջ կորցրել են իրենց բառային արժեքը։ Բայակազմական պլանում պարզ հասկացությունը մի քիչ այլ մեկնաբանություն ունի։ Պարզ բայը այստեղ հասկացվում է որպես անբայածանց բառ, քանի որ բայը ոչ բաղադրյալ լինել չի կարող(մանավանդ անդեմ ձևերում)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, 1987