Պատկերակալ, սրբապատկեր պատկերակալ, ուղղափառ եկեղեցում ինտերիերի հիմնական մասը բեմից առանձնացնող սրբապատկերներով միջնորմ։ Պատկերակալը փոխարինել է բեմի ցածր, սրբապատկերներով անջրպետին։

Իր զարգացած ձևով (բարձր պատկերակալ) հայտնի է 15-րդ դարի սկզբից (Մոսկովյան Կրեմլի Ավետման տաճարի պատկերակալ, 1405, Ֆեոֆան Գրեկի, Անդրեյ Ռուբլյովի, Պրոխոր Գորոդեցկու սրբապատկերներով)։ Պատկերակալի կոմպոզիցիան ստեղծվել է սյուժեների խիստ կրոնական ստորակարգմամբ (ցածի «տեղական» սրբանկարներից դեպի վեր, շարքերով, մինչև «մարգարեները»), որը ընդգծվել է շարքերի բարձրությամբ և առանձին սրբանկարների համաչափություններով, նրանց ռիթմաշարով ու գունաշարով, ինչպես և սիմետրիկ դասավորությամբ։ Այդօրինակ կոմպոզիցիայում գեղանկարչությունը և փայտե ոսկեզօծ, քանդակազարդ ճարտարապետության շրջանակը զուգակցված են ստեղծելով գեղարվեստական միասնություն։ 18-րդ դար - 19-րդ դարի սկզբի հաղթակամարի տեսքով, փայտե արձաններով որոշ պատկերակալներ ընկալվում են որպես բեմի հանդիսավոր մուտքեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։