Պատասխան Հազկերտին (կտավ)
Պատասխան Հազկերտին, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատասխան Հազկերտին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1960 |
բարձրություն | 350 ± 1 սանտիմետր |
լայնություն | 450 ± 1 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
Պատասխան Հազկերտին | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելԻսաբեկյանի ստեղծագործական ամբողջ ժառանգության մեջ առանձնակի տեղ է գրավում «Պատասխան Հազկերտին» կտավը, որը մտահղացման և չափերի առումով կապիտալ ստեղծագործություն է, որտեղ դրսևորում է հեղինակի բարոյական և գեղագիտական ըմբռնումը։ «Պատասխան Հազկերտին» կտավը բազմակերպարային կոմպոզիցիա է, որտեղ հոգեբանական դրամատիզմը գագաթնակետին է հասցված։ Այդտեղ արծարծվող թեման արտացոլում է հայ ժողովրդի պատմության կարևոր էջերից մեկը. Հայաստանը ինքնուրու՞յն կմնա արդյոք, թե՞ ընդունելով Հազկերտի առաջարկած դավանափոխությունը, կդառնա Պարսկաստանի կալվածքը։ Հազկերտին պատասխանելու համար հավաքվել են իշխաններ, զորավարներ, փիլիսոփաներ, ռազմիկներ, հայ ժողովուրդը։ Նրանք բռնակալին վճռականաբար ասում են՝ ո՛չ, այդ չի՛ լինի[1]։
Նկարագրություն
խմբագրելԵրբ մենք մտանք Իսաբեկյանի արվեստանոցը, անմիջապես տեսանք մի խոշոր կտավ, որը ծածկված էր։ Մենք ցանկացանք անմիջապես դիտել այդ կտավը, բայց ինչպես երևում էր, նկարիչը որոշել էր դա թողնել վերջում, մեզ հանկարծակիի բերելու համար։ Եվ ահա մեր հայացքի առջև է այդ կոմպոզիցիոն մեծ կտավը։ Այո, դա իսկապես անսպասելի էր։ Այնտեղ մենք տեսանք հայ ժողովրդի հերոսական անցյալի ամենավառ էջերից մեկը։ Նկարի հիմքում ընկած է կոմպոզիցիոն խիզախ մտահղացումը։ Մեծ շնորհքի և վառ տեմպերամենտի տեր նկարիչն այդ մոնումենտալ կտավում լրիվ կերպով բացահայտել է իր կարողությունները։ Իսաբեկյանի անհատականությունը երևում է նաև այդ աշխատանքում։ Նա միշտ աշխատում է իր ստեղծագործություններում տալ մեր ժողովրդի հերոսությունը, արիությունը, գեղեցկությունը։
Էդուարդ Իսաբեկյանը դեռևս ուսանողական տարիներին, կարդալով Եղիշեի «Վարդանանց պատմությունը», հմայվել է այդ պատմության հերոսական կերպարներով և խորհել է իր ապագա կտավի մասին, որը կոչվելու էր «Պատասխան Հազկերտին»։ Այդ ստեղծագործության գլխավոր հերոսը ժողովուրդն է։ Իսաբեկյանի բազմաֆիգուր կոմպոզիցիայում մենք տեսնում ենք հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների՝ նախարարներ, վանականներ, գյուղացիներ։ Այդտեղ պատկերված են կանայք, կյանքի հարուստ փորձ ունեցող ծերունիներ, դեռևս նոր կյանք մտած պատանիներ։ Այստեղ են բոլոր նրանք, ովքեր գիտեն մտածել և պայքարել։ Շրջապատում տիրում է խուլ աղմուկ։ Վանքը չի տեղավորում այն բոլորին, ովքեր եկել են, բայց թվում է, թե Արտաշատի հնագույն վանքի պատերի ետևում հավաքվել է ամբողջ հայ ժողովուրդը։ Յուրաքանչյուրը թշնամու դեմ մղվող պայքարի մեջ է դնում այն ամենը, ինչն ինքն ունի։ Մարդիկ բերում են թանկարժեք իրեր, զարդարանքներ, ոսկի։ Հայ գեղեցկուհին ասես դիմում է Վարդան Մամիկոնյանին ՝«Ահա պատրաստ եմ թշնամու դեմ կռվելու և ես բերել եմ աշխարհում ամենաթանկն ինձ համար, իմ որդիներին»։ Հպարտ, սեփական արժանապատվության զգացումով բազմել է հերոս զինվորը՝ Վարդան Մամիկոնյանը։ Նրա պատկերը ներշնչում է հանգստություն և համոզմունք հաղթանակի նկատմամբ։ Հազկերտին ուղղված նամակի տեքստը գրում են մի քանի մարդ, բայց կարծես ամբողջ ժողովուրդն է մասնակցում։ Եղիշեն անհանգիստ, սրընթաց շարժումով դարձել է դեպի կաթողիկոսը, որն իր առաջարկն է անում նամակի տեքստում մտցնելու համար։ Եզնիկի հայացքը խելոք է, փիլիսոփայող, նա մտասույզ ու կենտրոնացված գրում է մագաղաթի վրա։ Այդ մեծ, բազմաֆիգուր կոմպոզիցիայում բոլոր կերպարներն անհատականացված են, յուրաքանչյուրն իր տեսակի մեջ հետաքրքիր է, գրավում է հոգեբանությամբ։ Կտավը բաղկացած է վարպետորեն միահյուսված մի քանի խմբերից։ Դա լուրջ, հետաքրքիր աշխատանք է, նկարչի նվերը Սովետական Հայաստանի 40-ամյակին։ |