Չափագիտական ծառայություն

Չափագիտական ծառայություն, չափերի և կշիռների ծառայություն, պետական և չափագիտական մարմինների ցանց, որոնց խնդիրն է՝ ապահովել երկրում չափումների միասնականություն և չափման միջոցների միատեսակություն։ Չափագիտական ծառայությունը իրականացնում է ֆիզիկական մեծությունների միավորների ստանդարտացումը, դրանց վերարտադրումը պետական էտալոնների միջոցով, միավորների չափերի փոխանցումը էտալոններից՝ երկրում կիրառվող բոլոր չափման միջոցներին, վերջիններիս նոր նմուշների պետական փորձարկումները, արդեն շահագործման մեջ գտնվող չափման միջոցների վերահսկողությունը՝ պարբերական ստուգումների միջոցով, ստանդարտ տեղեկատու տվյալների պետ․ համակարգի կազմակերպումը (ֆիզիկական հաստատունների և նյութերի հատկությունների մասին պաշտոնական տվյալների հավաքում և հրապարակում), ստանդարտների, նորմատիվատեխնիկական և նախագծային փաստաթղթերի չափագիտական փորձաքննության անցկացումը, թողարկվող արտադրանքի որակի և ստանդարտների պահպանման վերահսկողությունը և չափագիտական այլ միջոցառումներ։ Չափագիտական ծառայության խնդիրների մեջ է մտնում նաև Միջազգային չափագիտական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելը։

Հայաստանում չափագիտական ծառայությունը կազմակերպվել է խորհրդային շրջանում՝ Հայաստանի ժողկոմխորհի 1921 թվականի հուլիսի 21-ի դեկրետով։ Չափագիտական ծառայությունն իրականացվել է ԽՍՀՄ ստանդարտների պետական կոմիտեի հայկական հանրապետական վարչության կողմից, որն ունեցել է մասնաճյուղեր Գյումրիում (նախկինում՝ Լենինական) և Վանաձորում (նախկինում՝ Վանաձոր), բաժանմունքներ՝ Գավառում (նախկինում՝ Կամո), Ղալիանում և էջմիածնում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Метрологическая служба СССР, М․, 1968․

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 677