Ումեկյաններ
Ումեկյաններ, հայ խոշոր առևտրականներ, մեծահարուստ տոհմ 12-14-րդ դարերում։ Հիմնադիրը մանազկերտցի ճարի որդի Ումեկն է, որը նախ հաստատվել է Կարինում, իսկ 1240-ական թվականներին տեդավւոխվել Տվպիս։ Ծավալած առևտրական գործունեության և կուտակած հարստության շնորհիվ մեծ դիրք և ազդեցություն է ձեռք բերել վրաց (աղբյուրներում հիշվում է «Վրաց Գավիթ թագավորի հայր» տիտղոսով) և մոնղոլական արքունիքներում։ Մոնղոլական կառավարությունը հովանավորել է Ումեկին՝ նրա եկամուտներից գանձելով խոշոր տուրքեր։ Ումեկը Տփղիսի Մեյդան թաղամասում կառուցել է Ս․ Գևորգ հայկական եկեղեցին, Զաքարյաններից գնել Նոր Գետիկի վանքը՝ իր մերձակա կալվածքով։ Կնության է առել Խաչենի իշխան Զալալ Դոլայի դուստր Մամախաթունին՝ սերտ կապեր հաստատելով հայ իշխանական տների հետ։ Ումեկի մահից (մոտ 1267) հետո, նրա գործը շարունակել են որդիները՝ Քարիմատինը և ճարը (ծնված առաջին կնոջից՝ Թագուհուց), որոնք դարձել են խոշոր հողատերեր։ Քարիմատինը նույնիսկ ձեռք է բերել իշխանական կոչում։ Մամախաթունից ծնված Ումեկի որդու՝ Վախթանգի (մահացել է 1344), Եղեգիսում թաղվելու փաստը հիմք է տվել ենթադրելու, որ Ումեկյանները ազգակցական կապ են հաստատել նաև Օրբելյանների իշխանական տան հետ։ Նոր Գետիկի արձանագրություններում հիշվում են նաև Քարիմատինի և ճարի զավակների անունները, որոնք շինարարական գործունեություն են ծավալել վանքում և շրջակա կալվածատներում։ Ումեկյանների տոհմին վերաբերող վերջին տեղեկությունը թվագրվում է 1345 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |