Ոսկու ստանդարտ - ոսկու մոնոմետալիզմ, դրամական համակարգ, երբ համընդհանուր համարժեքի դեր է կատարում ոսկին, շրջանառում են ոսկյա ստակները կամ ոսկով փոխանակվող դրամանիշերը։ Սահմանվել է 18-րդ վերջին Մեծ Բրիտանիաում, կապիտալիստական աշխարհում լայն տարածում ստացել 19-րդ դարի վերջին քառորդում։ Գոյություն է ունեցել ոսկյա ստակների, իսկ 1924-1928 թվականներից՝ ոսկյա ձուլածոների և դևիզային ստանդարտների ձևերով։ Առաջինի համար բնորոշ էին ոսկյա ստակների ազատ շրջանառությունը, փողի բոլոր ֆունկցիաների կատարումը ոսկու կողմից, լիարժեք դրամների հատումը։

Ոսկյա ձուլածոներ

խմբագրել

Ոսկյա ձուլածոների ստանդարտի դեպքում (կիրառվել է ոսկու հարուստ պաշարներ ունեցող երկրներում) թղթադրամները կամ բանկային տոմսերը փոխանակվում էին որոշակի կշիռ և հարգ ունեցող ձուլածո ոսկու, այլ ոչ թե ոսկյա ստակների հետ։ Ըստ ոսկու դևիզային ստանդարտի, ազգային դրամանիշերը փոխանակվում էին այլ երկրների վալյուտաների հետ, որոնք, իրենց հերթին, կարող էին փոխանակվել ոսկով։ 1929-1933 թվականներին, վալյուտային ճգնաժամի հետևանքով, ոսկու ստանդարտը վերացվեց կապիտալիստական երկրների մեծ մասում, 1934-1936 թվականներին՝ Ֆրանսիայում և արևմտաեվրոպական մի շարք պետություններում, և սահմանվեց թղթադրամի շրջանառություն։ 1971 թվականի օգոստոսի 15-ից ԱՄՆ-ը պաշտոնապես արգելել է նաև թղթե դոլարների փոխանակումը ոսկով։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 637