Ոսկեղնիկ շիկավուն
Ոսկեղնիկ շիկավուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Շուշանազգիներ
Ցեղ Ոսկեղնիկ շիկավուն
Լատիներեն անվանում
Hemerocalis fulva


Ոսկեղնիկ շիկավուն (լատին․՝ Hemerocalis fulva), շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս է։ Վայրի վիճակում տարածված է Չինաստանում և Հեռավոր Արևելքում։ Բարձրությունը հասնում է մինչև 1 մետրի, ծաղկակիր ցողունը զուրկ է տերևներից, ծաղիկները խոշոր են, մուգ նարնջագույն։ Ունի նաև լիաթերթիկ ծաղկավոր և շերտավոր գունավորված տերևներով այլատեսակներ։ Տերևները գծանման են, սրածայր, ուղղաձիգ կամ աղեղնաձև թեքված։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ․ գերադասում է հումուսով հարուստ բավականին խոնավ հողեր։ Լուսասեր է, սակայն լավ է աճում նաև կիսաստվերում։ Կոճղարմատները մշտապես դեպի վեր են աճում, ուստի և անհրաժեշտ է հողով դրանք մշտապես ծածկել, 3-4 տարին մեկ անգամ ամռան վերջում վերատնկել՝ կոճղարմատների մի մասն օգտագործելով բազմացման նպատակով։ Կարելի է բազմացնել նաև սերմերով` ցանքը կատարելով աշնանը կամ գարնանը ստրատիֆիկացիայից հետո։ Մեր հանրապետությունում մեծ կիրառում ունի (բացառությամբ բարձր լեռնային շրջանների) որպես հեշտ բազմացվող և դեկորատիվ բարձր արժանիքներ ունեցող ծաղկաբույս։ Կարելի է օգտագործել լանդշաֆտային ոճի ծաղկադեկորատիվ բոլոր ձևավորումներում, հատկապես միքսբորդերներում, եզրաշերտերում, գազոնի ֆոնի վրա՝ խմբերով, քարապարտեզներում, ջրամբարների ու գետակների ափերին և այլն։ Միանգամայն պիտանի է նաև կտրած ծաղիկներ ստանալու համար, որոնք կարելի է օգտագործել ինչպես ծաղկեփնջերում, այնպես էլ ծաղկակոմպոզիցիոն վերադաշնակումներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987