Շրջված դասարան, մանկավարժական մոտեցում է, որը փոխում է ուսուցման մեթոդների ավանդական կազմակերպումը։ Սովորաբար տեսական մասը առկա ուսուցման մեթոդով փոխանցվում է դպրոցի դասարանում, իսկ գործնական մասը կատարվում է տանը։ «Շրջված դասարան» մեթոդի կիրառման ժամանակ տեսական մասը կատարվում է տանը՝ լսարանի հետ ավելի ինտերակտիվ ուսուցման համար հնարավորինս շատ ժամանակ շահելու նպատակով։

Այս մոդելը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման վրա, որոնց շնորհիվ իրականացվում է դասարանի շրջումը։ Առավել հաճախ այդ նյութերն իրենցից ներկայացնում են փոքր տեսանյութեր, որոնք ուսուցիչներն իրենք են պատրաստում, իսկ աշակերտները առկա դասընթացից առաջ դրանք ուսումնասիրում են ինքնուրույն։

Ուսուցումն իրականացվում է դասի ընթացքում ուսուցչի անհատական աջակցությամբ։ Դա հնարավորություն է տալիս ժամանակ խնայել ակտիվ մանկավարժական աշխատանքներ իրականացնելու, աշակերտների ըմբռնումը ստուգելու և դասընթացի հայեցակարգերը խորացնելու համար[1]։

«Շրջված դասարան» մոդելի կիրառման դեպքում ուսուցիչը գիտելիքների փոխանցողի դերից անցնում է գիտելիքների միջնորդի դերի, ով փնտրում, ստեղծում և սցենարավորում է թվային ռեսուրսներ, ուղեկցողի և խորհրդատուի դերի, ինչպես նաև փոխազդեցության ստեղծողի և ղեկավարողի դերի, ով ներառում է աշակերտներին իր դասընթացի պատրաստմանը։ Ինչու՞ փոխել ավանդական մոդելը։ Գոյություն ունի տրամաբանական բացատրություն, որը տալիս է այս հարցի պատասխանը։ Դա Բենիամին Բլումի տաքսոնոմիայի հասկացությունն է, որը բացատրում է գիտելիքների ձեռքբերման մակարդակները։ Ավանդական մոդելի դեպքում դասարանում իրականացված ուսուցումը ուսուցչի կողմից փոխանցված գիտելիքների գրանցումն է (ցածր մակարդակի ճանաչողական առաջադրանքներ), իսկ հմտությունների զարգացումն ու խորացումը (ավելի բարձր մակարդակի ճանաչողական առաջադրանքներ) սովորաբար կատարվում են դասարանից դուրս[2]։ Դասը շրջելու տրամաբանական հիմք կարող է հանդիսանալ ուսուցչին աշակերտների հետ կցելը, երբ նրանք կատարում են բարձր մակարդակի ճանաչողական առաջադրանքներ և օգնության կարիք ունեն, և թույլ տալ, որ աշակերտները կատարեն ավելի հեշտ առաջադրանքներ հասակակիցների հետ ինքնուրույն կամ հեռակա։

Ժամանակակից ուսուցման գործելակերպը խմբագրել

2007 թ-ից այս մոտեցումն օգտագործվում է Միացյալ Նահանգների մանկապարտեզներում, միջնակարգ դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում։ 2011 թ.-ից ի վեր, նախ Կանադայում, այնուհետև Եվրոպայում և այլ ֆրանսախոս երկրներում կիրառում են այս մոդելը[3]։

Կոլորադոյի քոլեջի քիմիայի երկու ուսուցիչներ՝ Ջոնաթան Բերգմանը և Աարոն Սամսը համարվում են «Շրջված դասարան» մեթոդի առաջամարտիկները։ Լինելով գյուղական դպրոցի ուսուցիչներ՝ նրանք աշակերտների բացակայության շատ մեծ խնդիր ունեին։ Մի օր նրանք անսպասելիորեն բացահայտեցին, որ կարող են PowerPoint-ի սլայդները ձայնագրել իրենց ձայներով, դարձնել տեսանյութեր և ներբեռնել YouTube-ում, որն այդ ժամանակ նոր էր զարգանում։ Այսպիսով, 2007 թ.-ին, նրանք սկսեցին ձայնագրել իրենց դասախոսությունները և տեղադրել առցանց այն աշակերտների համար, ովքեր չէին կարողանում ներկա գտնվել իրենց դասին։ Առցանց դասախոսությունները շատ արագ ներգրավեցին այլ աշակերտների, ովքեր սկսեցին նայել այդ տեսանյութերը, քանի որ դա նրանց թույլ էր տալիս ավելի լավ հասկանալ ուսուցիչների կողմից քննարկվող թեմաները, ովքեր արդեն սկսել էին օգտագործել այդ ձայնագրությունները իրենց դասաժամի ընթացքում և ձայնագրում էին իրենց ուսումնական տեսանյութերը։ Արդյունքում առաջանում էր «Շրջված դասարան» մեթոդը... Արդյո՞ք դա իսկապես ժամանակակից պրակտիկա էր, և Բերգմանը և Սամսը առաջինն էին, որ օգտագործեցին այս մոտեցումը դասի ընթացքում։ Այն պրակտիկան, որ ուսուցիչը պահանջում է իր աշակերտներից կարդալ տեքստը դասից առաջ, պատրաստել նյութ մի թեմայի շուրջ դասաժամին ներկայացնելու համար, որոնել փաստաթղթեր գրադարանում կամ փաստաթղթավորման կենտրոնում բոլորովին նոր չէ, և շատ ուսուցիչներ կիրառում են ամեն օր։ Նորություն կարող են համարվել տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, որոնք փոփոխություն են ապահովում և շարունակ զարգանում են։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները ավելի ու ավելի մատչելի են դառնում իրենց հեշտ օգտագործման, ցածր գնի կան անվճար լինելու շնորհիվ։ Վեբ 2.0 գործիքները թույլ են տալիս ուսուցիչներին և աշակերտներին արտահայտել իրենց կարծիքները առցանց, կազմակերպել քննարկումներ և հարցումներ և ձեռք բերել գիտելիքներ։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումն է, որը խթանել է «Շրջված դասարան» մեթոդի, հեռակա ուսուցման, տարբեր զանգվածային բաց առցանց դասընթացների ստեղծումը՝ ներգրավվելով հազարավոր ուսանողների։

«Շրջված դասարան» մոդելի առավելություններն ու թերությունները խմբագրել

«Շրջված դասարան» մոդելի կիրառման դեպքում ուսուցչի կողմից աշակերտներին դասընթացի նյութը փոխանցվում է լսարանից կամ դասարանից դուրս` տեսանյութերի, ձայնագրությունների կամ կարդալու համար նախատեսված տեքստերի միջոցով։ Ուսուցչի և աշակերտների փոխազդեցության ժամանակահատվածը կարող է օգտագործվել հմտություններ զարգացնող աշխատանքներ կատարելու նպատակով։

Պարզվում է, որ այս մոտեցումը լավ միջոց է աշակերտների և իրենց ուսուցիչների հարաբերությունները ամրապնդելու համար։ Հաշվի առնելով այն փաստը, որ դասի տեսական մասն արդեն փոխանցվել է դասը սկսելուց առաջ, ուսուցիչը կարող է ավելի շատ ժամանակ տրամադրել աշակերտների կողքին լինելու համար և նրանց օգնելու կատարել առաջադրանքներ այն պահին, երբ դրա կարիքն առավել շատ են զգում[4]։

«Շրջված դասարան» մեթոդը նաև լավ միջոց է ուսուցումը դասաժամից առաջ և հետո տարբերակելու և անհատականացնելու համար։ Աշակերտն այսպիսով հետևում է դասին՝ իր համար ցանկալի տեմպով։ Նա կարող է դիտել տեսանյութը այնքան անգամ, որքան ցանկանում է[5]։ Աշակերտները կարող են դանդաղեցնել կամ արագացնել իրենց ուսուցման տեմպը՝ ըստ իրենց սեփական կարիքների։ Ուսուցիչն ավելի շատ ժամանակ կարող է տրամադրել անհատապես կամ աշակերտների փոքր խմբերի հետ աշխատելու համար՝ նրանց առաջարկելով իրենց կարիքներին համապատասխան առաջադրանքներ։

«Շրջված դասարան»-ում աշխատանքը հիմնված է աշակերտի վրա. վերջինս դառնում է իր ուսուցման դերակատարը և մասնակցում է դասընթացի համաստեղծմանը։ Այս պրակտիկայի շնորհիվ ավելի շատ ժամանակ է հատկացվում հմտությունները զարգացնելուն և խորացնելուն՝ կատարելով ավելի բարձր մակարդակի ճանաչողական առաջադրանքներ, որոնք ավանդական դասաժամերի դեպքում կատարվում են դասերից հետո։

Ակնհայտ է, որ «Շրջված դասարան» մեթոդն ունի նաև թերություններ։ Տեսանյութեր պատրաստելու համար հարկավոր է տրամադրել երկար ժամանակ։ Սակայն գոյություն ունեն փոխանակման կայքեր ուսուցիչների և աշակերտների միջև, որոնք մեծապես հեշտացնում են նյութերի ձևավորման աշխատանքները։ Ինչ վերաբերում է աշակերտներին, կարող ենք արձանագրել որոշ խնդիրներ՝ կապված ինտերնետային կապի և սարքավորումների բացակայության հետ։

Ինչպես արդեն նշվեց վերևում, «Շրջված դասարան» մեթոդի առավելություններից մեկը դասաժամին աշակերտի ներկայությանը նոր իմաստ հաղորդելն է։ Այսպիսով, մանկավարժական տեսանկյունից ուսուցիչների համար մեծ մարտահրավեր է դասընթացների կազմակերպումը և տնային առաջադրանքների հանձնարարումը։ «Շրջված դասարան» մեթոդն առաջացնում է ուսուցչի վարքագծի խոր փոփոխություններ. վերջինս ամբողջովին փոխում է կեցվածքը և դեմառդեմ մոտեցումից անցնում է կողք կողքի մոտեցման։

«Շրջված դասարան» ժամանակակից մեթոդի իրականացումը խմբագրել

«Շրջված դասարան» ժամանակակից մեթոդի հիմնադիրներ Ջոնաթան Բերգմանը և Աարոն Սամսը պատահականորեն բացահայտեցին դասընթացների տեսանյութեր ստեղծելու հեշտ միջոց, որը նրանց դրեց «Շրջված դասարան» մեթոդի կիրառման ճանապարհի վրա։ Սա համեմատաբար պարզ գործիք է, որը տեղադրված է համակարգիչներից մեծ մասի վրա։ Խոսքը PowerPoint ծրագրի մասին է։ 2006 թ.-ին անշուշտ գոյություն ունեին տարբեր ծրագրեր տեսաձայնագրություններ պատրաստելու համար, բայց հենց այս ծրագիրը տարածում գտավ, քանի որ մատչելի էր և հեշտ գործածելի, և ուսուցիչները հաճախ էին օգտվում դրանից նյութեր պատրաստելու համար։ Առաջին ուսումնական տեսանյութերից հետո տեխնոլոգիաները շատ են զարգացել։ Մենք գտնվում ենք Վեբ 2.0 և սոցիալական ցանցերի դարաշրջանում, որտեղ հատկապես տեսանյութերի առցանց տեղադրման գործիքները և կրթական նյութերը դառնում են ավելի բազմաթիվ և նրանց հասանելիությունը դառնում է ավելի ու ավելի հեշտ և ըմբռնելի։ Ավանդական դասընթացը շրջելու համար գործածվող գործիքների այս բազմազանության մեջ կարող ենք նշել 3-ը, որոնք սերտորեն կապված են այն փուլերի հետ, որոնք ուսուցիչը պետք է անցնի «Շրջված դասարան»-ի համար անհրաժեշտ կրթական նյութերը առցանց տեղադրելու համար։

  • Կարճ կրթական տեսանյութեր ստեղծելու գործիքներ. խոսքը դաս-տեսանյութի մասին է, որը դասը հաղորդելու մասն է։
  • Առաջադրանքներ ստեղծելու գործիքներ՝ հիմնված ուսումնական կամ նմանատիպ տեսանյութերի վրա, որոնք կարող են ներառել տարբեր տեսակի հարցաշարեր և օգնում են ստուգելու, թե ինչքանով են աշակերտները հասկացել դասանյութը։
  • Կրթական նյութերը առցանց տեղադրելու և փոխանակելու գործիքներ, որոնք առցանց ծառայություններ են, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել աշակերտների խմբեր, հետևել և գնահատել նրանց, ստեղծել բոլորին հասանելի ծրագրեր, որոնք ուսուցիչը կարող է «օգտագործել» տարբեր տեսակի նյութեր առցանց տեղադրելու և աշակերտների հետ քննարկումներ կազմակերպելու համար։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ryback, D., & Sanders, J. (1980). Humanistic versus traditional teaching styles and student satisfaction. Journal of Humanistic Psychology, 20(87), 87-90
  2. The flip: Turning a classroom upside down, Washington Post, 4. June, 2012.
  3. Alvarez, B. (2011). "Flipping the classroom: Homework in class, lessons at home". Education Digest: Essential Readings Condensed For Quick Review, 77 (8): 18–21
  4. Baker, J.W. "The 'Classroom Flip": Using Web course management tools to become the Guide by the Side." In J. A. Chambers (Ed.), Selected papers from the 11th International Conference on College Teaching and Learning (2000), pp. 9-17. Jacksonville, FL: Florida Community College at Jacksonville.
  5. Clive Thompson (15 Jul 2011), "How Khan Academy is Changing the Rules of Education", Wired