Նույնացում քրեագիտական, նույնությունը պարզելու նպատակով նյութական կոնկրետ օբյեկտների (այդ թվում՝ անձանց) ու դրանց արտահայտությունների (ձեռագրեր, մատնահետքեր, ավտոդողերի հետքեր են) մասնակի ու ընդհանուր հատկանիշների հետազոտումը համեմատական եղանակով։ Կարևոր են տրանսպորտի միջոցների, ձեռքերի, ոտքերի, ատամների, հրազենից արձակած գնդակների ու պարկուճների, դրոշմանիշերի, կնիքների, գրամեքենաների հետքերով, ձեռագրերով նույնացումները։ Նույնացման հիմքում ընկած է նյութական օբյեկտների ու դրանց հատկանիշների անհատականությունը։ Կատարվում է հետևյալ եղանակով՝ հետաքրքրող օբյեկտները (օրինակ, հրացանի փողն ու դեպքի վայրում հայտնաբերված գնդակը) ուսումնասիրվում են և համեմատվում ըստ հատկանիշների նույնության։ Նույնացման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը որպես ապացույց կցվում է քրեական գործին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 404