Նոր օպոզիցիա (խումբ)
«Նոր օպոզիցիա» (ռուս.՝ Новая оппозиция, օպոզիցիա - ընդդիմություն), ձախ թևի ֆրակցիոն խումբ ՀամԿ(բ)Կ ներսում։ Ձևավորվել է 1925 թվականին, Գրիգորի Զինովևի և Լև Կամենևի գլխավորությամբ։ «Նոր օպոզիցիան» պնդում էր, թե Խորհրդային Միությունում «տեխնիկայի հետամնացության պայմաններում, առանց հաղթանակած արևմտաեվրոպական պրոլետարիատի աջակցության, չի կարող կառուցվել սոցիալիզմ», ինչպես նաև՝ «կուսակցության ներսում պետք է թույլատրել ֆրակցիաների գործունեության ազատություն, թե մեր երկրի պետական արդյունաբերությունը ոչ թե սոցիալիստական, այլ պետական-կապիտալիստական է, որ նէպը նահանջ է դեպի կապիտալիզմ»։ Հանդես էր գալիս թեթև արդյունաբերության զարգացման և արդյունաբերական ապրանքները արտասահմանից լայնորեն ներմուծելու օգտին։
ՀամԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը, ուր կուսակցության գլխավոր գծի դեմ հանդես եկան լենինիզմին դեմ արտահայտվողները, հայտարարեց, որ սոցիալիզմի կառուցման համար ԽՍՀՄ-ում կան բոլոր անհրաժեշտ քաղաքական և տնտեսական պայմաններն ու հնարավորությունները։ Համագումարում ընդդիմության անունից հարակից զեկուցումով հանդես եկավ Զինովևը, ճառերով՝ Կամենևը, Մոկոլնիկովը, Լաշևիչը, Զալուցկին և ուրիշներ։ «Նոր օպոզիցիան» ձգտում էր Ստալինին և լենինյան դիրքերում կանգնած այլ գործիչների հեռացնել կուսակցության ղեկավարությունից։
Համագումարը հավանություն տվեց Կենտկոմի քաղաքական գծին և հանձնարարեց նրան «․․․վճռական պայքար մղել կուսակցության միասնությունը խախտելու ամեն տեսակ փորձերի դեմ, որտեղից էլ դրանք ծագեն և ում կողմից էլ որ գլխավորվեն»։ Կուսակցության Լենինգրադի նահանգային նոր կոնֆերանսը (1926 թվականի փետրվար) հեռացրեց Զինովևի ղեկավարությանը և ընտրեց նոր նահանգային կոմիտե՝ Սերգեյ Կիրովի գլխավորությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 373)։ |