Նիտրաներկեր
Նիտրաներկեր, նիտրաարծնիչներ, նիտրաէմալներ, ներկվող մակերևույթի վրա փայլուն, անփայլ, չեչոտ, ճաքճքված և այլ դեկորատիվ գունավոր կամ սպիտակ թաղանթներ առաջացնող ներկեր։ Նիտրաներկերը պիգմենտների կախույթներն են նիտրալաքերում։ Ջրաթափանցությունը փոքրացնելու և կպչունակությունը մեծացնելու նպատակով ներկվող մակերևույթը նիտրաներկերով պատում են ալկիդայինկամ ֆենոլայուղային նախաներկումից հետո։ Կախված օգտագործվող պիգմենտի կապակցանյութով թրջվելու ունակությունից՝ նիտրաներկերը պատրաստում են տարբեր եղանակներով (պիգմենտը խառնում են լաքի հետ գնդիկավոր աղացներում կամ տրորում են պլաստիֆիկատորի հետ, ապա ստացված մածուկը խառնում լաքի հետ ևն)։ Նիտրաներկերն օգտագործում են մետաղը (ավտոմեքենաներ, սարքեր, հաստոցներ), փայտը (խոհանոցային, բժշկական և այլ կահույք, խաղալիքներ ևն), ինչպես նաև գործվածքն ու կաշին ներկապատելու համար։ Ներկվող մակերևույթը նիտրաներկերով պատում են ճնշումային կամ աերոզոլային փոշեցրմամբ։ Գոյացած թաղանթը չորանում է 15–30 ր, սենյակային ջերմաստիճանում։