Մոնոքրոմատոր
Մոնոքրոմատոր օպտիկայում, մեներանգիչ, սպեկտրային սարք, որն օգտագործվում է ճառագայթումը մոնոքրոմատիկ դարձնելու, այսինքն՝ լայն սպեկտրից նեղ տիրույթ անջատելու համար։ Մոնոքրոմատորի հիմնական մասը լույսն ըստ հաճախությունների տարրալուծելու հարմարանքն է՝ պրիզմա, դիֆրակցիոն ցանց կամ որևէ ինտերֆերենցիոն գործիք։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/c/ca/%D5%84%D5%B8%D5%B6%D5%B8%D6%84%D6%80%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80.png/220px-%D5%84%D5%B8%D5%B6%D5%B8%D6%84%D6%80%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80.png)
Պարզագույն մոնոքրոմատորը, բացի դիսպերսիոն հարմարանքից (օրինակ, պրիզմա), պարունակում է նաև Լ1 կոլիմատորային օբյեկտիվ, որի գլխավոր կիզակետում գտնվում է մուտքի a1 ճեղքը։ Երկրորդ՝ Լ2 օբյեկտիվը, տարբեր հաճախականության ճառագայթները կիզակետում է a2 ելքային ճեղքի որոշակի կետերում։ Մոնոքրոմատորի որակը բնութագրվում է դիսպերսիայով, լուծունակությամբ և այլն։
Սպեկտրալուսաչափության մեջ հաճախ կիրառում են կրկնակի մոնոքրոմատորներ․ դրանց դասավորությունն այնպիսին է, որ մոնոքրոմատորներից առաջինի ելքի ճեղքը երկրորդի համար ծառայում է որպես մուտքի ճեղք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 15)։ ![]() |