Մոլինյուի խնդիր (անգլ.՝ Molyneux's problem), փիլիսոփայական հարց որոշակի մտավոր փորձի մասին։ Խնդիրը կարճ կարելի է շարադրել հետևյալ կերպ. «Եթե ի ծնե կույր մարդը կարող է շոշափելով տարբերել գնդի կամ խորանարդի տեսք ունեցող առարկաներ, ապա կարո՞ղ է նա, տեսնելու հնարավորություն ստանալով, տարբերակել այդ առարկաները միայն տեսողությամբ` առանց շոշափելու»[1][2]։

Համաձայն Սթենֆորդի փիլիսոփայական հանրագիտարանի` Մոլինյուի խնդիրը դարձել է փիլիսոփայության ամենաշատ քննարկվող հարցերից մեկը, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվել են ինչպես փիլիսոփա-տեսաբանները, այնպես էլ փորձարար-հետազոտողները[2]։

Հարցի ձևակերպում խմբագրել

Հարցը ձևակերպել է բնափիլիսոփա Վիլյամ Մոլինյուն դեռևս 1688 թվականին Ջոն Լոքին ուղղված նամակում։ Ի դեպ, Մոլինյուի կինը կույր էր, բայց ոչ ի ծնե։ Մոլինյուն իր «Մարդկային մտածելակերպի փորձ» աշխատության մեջ շարադրել է այդ հարցը, որը շուտով հայտնի է դարձել լայն հասարակությանը։ Լոքին ուղղված էր հետևյալ հարցը[1][2].

  Ենթադրենք` մարդը կույր է ծնվել, և նա կարող է շոշափելով տարբերակել նույն նյութից պատրաստված և գրեթե նույն չափերն ունեցող գունդն ու խորանարդը։ Դիպչելով այդ առարկաներին` կարո՞ղ է նա ասել, թե որն է գունդը, և որը խորանարդը։ Հետո ենթադրենք, որ կույրը ձեռք է բերում տեսողություն. կարո՞ղ է նա արդյոք միայն տեսողության օգնությամբ մինչև առարկաներին դիպչելը սեղանին դրված առարկաներից տարբերակել, թե որն է գունդը, և որը խորանարդը:
 

Երկու մտածողներն էլ հակված էին այն տեսակետին, որ հարցը բացասական պատասխան ունի[1][2]։

Փորձարարական լուծում խմբագրել

Խնդրի լուծման առաջին փորձերը կատարվել են 1728 թվականին։ Անգլիացի բժիշկ, մանկավարժ Վիլյամ Չեսելդենը հրատարակել է ի ծնե կույր երեխայի` կատարակտից բուժվելու հաշվետվություն[3]։ Չեսելդենը գրել է, որ տեսողություն ձեռք բերելուց հետո տղան չի կարողացել տարբերակել առարկաները, չնայած դրանք ձևով և չափով տարբերվում էին։ Հաշվետվությունը քննադատողները պնդում էին, որ տղայի աչքերը վիրահատությունից հետո կարող էին այդքան էլ լավ չտեսնել, իսկ Չեսելդենը կարող էր շփոթեցնող հարցեր տալ տղային[2]։

1950 թվականին անգլիացի կենսաբան, նեյրոֆիզիոլոգ Ջոն Զախարի Յանգը իր ռադիոդասախոսության մեջ պատմել է, որ երբ տեսողություն ստացած մարդուն դրանից մեկ շաբաթ անց ցույց են տվել նարինջ, նա ասել է, որ այն ոսկուց է։ Իսկ երբ հարցրել են, թե ինչ տեսք ունի առարկան, նա պատասխանել է. «Տվե'ք այն շոշափեմ և Ձեզ կասեմ»[4][5]։

2007-2010 թվականներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հնդիկ գիտնական Պավան Սինխի գլխավորությամբ վիրաբուժական միջոցով բուժել են ի ծնե կույր հինգ հիվանդների` 8-17 տարեկան երեխաների և դեռահասների։ Պարզվել է, որ չնայած տեսողություն ստացած մարդիկ արագ սովորել են ընկալել տեսողական տեղեկություններ, սակայն վիրահատությունից հետո ընկած ժամանակահատվածում չեն կարողացել տարբերել առարկաները, որոնք նրանք տեսել են և քիչ առաջ շոշափել։ Այսպիսով` Մոլինյուի խնդիրը, ամենայն հավանականությամբ, բացասական պատասխան է ենթադրում[2][6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Джон Локк. Опыт о человеческом разумении. Книга 2, глава 9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Degenaar, Marjolein and Lokhorst, Gert-Jan (Spring 2014). «Molyneux's Problem». The Stanford Encyclopedia of Philosophy. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. W. Cheselden (1728). «An Account of some Observations made by a young Gentleman, who was born blind, or lost his Sight so early, that he had no Remembrance of ever having seen, and was couch'd between 13 and 14 Years of Age». Philosophical Transactions. 35 (402): 447–450.
  4. John Zachary Young (23-11-1950). «Lecture 4: The Establishment of Certainty» (PDF). BBC Home Service: Reith Lectures 1950: Doubt and Certainty in Science. BBC. Վերցված է 17-06-2016-ին.
  5. Вуд, Форрест Гленн Глава четвертая. Мир звука // Морские млекопитающие и человек = Marine Mammals and Man / Пер. с англ. А. А. Щербакова. Под ред., предисл. А. С. Соколова. — Л.: Гидрометеоиздат, 1979. — 200 000 экз.
  6. Crawford, Hayley (2011 թ․ ապրիլի 10). «Mapping touch to sight takes time to learn». New Scientist. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  7. Куликов, Иван (2011 թ․ ապրիլի 18). «Прозрел, увидел, ощутил». Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.